Միջազգային գործընկերները կոչ են անում հրաժարվել վնասաբեր օրենքի ընդունումից

Վրաստանի միջազգային գործընկերներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին: Նրանք կոչ են անում Վրաստանի խորհրդարանին մերժել օրենքը, որը վնասաբեր է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների առումով:

Ամերիկացի սենատորներ` հանրապետական ​​Ջիմ Ռիշը և դեմոկրատ Ժան Շահինն, իշխող «Վրացական երազանքի» մտադրությունը համարում են վնասաբեր Վրաստանի անդրատլանտյան և եվրոպական ապագայի համար։

Ապրիլի 3-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքում հրապարակվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ներկայացուցիչ Ջիմ Ռիշի և Եվրոպական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Ջին Շահինի համատեղ հայտարարությունը։ Նշվում է, որ սենատորները հայտարարություն են տարածել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին ներկայացրել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական ոճի օրենքը»:

Ռիշը և Շահինն աներևակայելի հիասթափեցնող են գնահատել Վրաստանի կառավարության կողմից «օտարերկրյա գործակալների» օրենքի վերադարձը և կարծում են, որ դա կհանգեցնի երկրի հետագա մասնատմանը: Ամերիկացի սենատորների կարծիքով, դա նման է այն օրենքներին, որոնք Ռուսաստանն օգտագործում է քաղաքացիական հասարակության իրավունքները սահմանափակելու և քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար, իսկ նման բան անելու պատճառ Վրաստանի դեմոկրատական ​​կառավարությունը չուներ։

Ջիմ Ռիշը և Ջին Շահինը նշել են, որ Վրաստանի ժողովուրդը մերժել է առաջարկված օրենքը 2023 թվականի մարտին՝ զանգվածային ցույցերի ժամանակ։ Ամերիկացի սենատորների կարծիքով, օրինագիծը ոչ միայն սխալ ուղղությամբ կտանի քաղաքական գործընթացը, այլև կվնասի Վրաստանի անդրատլանտյան ինտեգրմանը և նրա ապագային Եվրամիությունում։ Սենատորները կարծում են, որ հոկտեմբերի ընտրությունները վճռորոշ ցուցիչ կլինեն Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար։ Ջին Շահինն ու Ջիմ Ռիշը կոչ են անում Վրաստանի խորհրդարանին` մերժել օրենքը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, հակիրճ պատասխանելով այս թեմայի վերաբերյալ հարցին, ասել է` անցյալ տարի տասնյակ հազարավոր վրացիներ դուրս եկան փողոցներ՝ արտահայտելով իրենց եվրոպական հավակնությունները և հրաժարվելով ընդունել այդ օրենքը:

«Վրաստանը պատմական հնարավորություն ունի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար, և մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Վրաստանին այս գործընթացում»,- ասել է Միլլերը։

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր, «Նորացրե՛ք Եվրոպան» քաղաքական խմբի անդամ Պետրաս Աուստրևիչուսնն ասել է, որ «գործակալների մասին օրենքն» ընդունելու «Վրացական երազանքի» նոր նախաձեռնությունը կարող է մեծ խոչընդոտ դառնալ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։

«Անկեղծ ասած, ես չեմ տեսնում Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը, քանի որ («Վրացական երազանքի» առաջնորդները — հեղ.) չեն հարգում ժողովրդավարական չափանիշները։ Կամ ուզում եք, կամ չեք ուզում»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցին ուղարկված նամակում։

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը քննադատել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին «գործակալների օրենքը» կրկին շրջանառելու որոշման համար։

«Նա մի մարդ է, որը երկար տարիներ աշխատել է օրենքի գերակայության նախագծերի վրա գերմանական «Միջազգային համագործակցության ընկերություն» (GIZ) կազմակերպությունում: Ինչպե՞ս են արևմտյան դոնորները մոլորվում և աշխատանքի ընդունում մարդկանց, որոնք ոչ միայն չեն հարգում օրենքի գերակայությունը, այլև ամեն ինչ անում են ոտնահարելու համար խորհրդարանականների իրավունքները և առաջ են մղում Ռուսաստանի շահերը: Ամոթ է»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը X-ի իր միկրոբլոգում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը` կրկին և այս անգամ վերջնականապես ընդունել «գործակալների օրենքը»: Վարչապետը հայտարարել է, որ «ժամանակն է՝ հասարակական կազմակերպությունները և նրանց դոնորները եվրոպականացվեն»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշմամբ սաբոտաժ է անում երկրի եվրաինտեգրման ճանապարհը։

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել՝ ընդդեմ օրինագծի շրջանառության։ 

Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները: