
«Միջազգային բյուջետային գործընկերություն» հասարակական կազմակերպությունը արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այն հայտարարությանը, թե բյուջեի թափանցիկության առումով Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։
Կազմակերպությունը գրել է, որ վարչապետը երկրի վարկանիշի «սխալ մեկնաբանություն» է արել.
«Մենք խորապես մտահոգված ենք անցյալ շաբաթ Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններով, երբ կառավարությունը ճնշեց խաղաղ ցուցարարներին: Նրանք բողոքում էին օրինագծի դեմ, որը կսահմանափակեր ուժեղ քաղաքացիական հասարակության անկախությունը: Մենք երախտապարտ ենք, որ Վրաստանի կառավարությունը մերժեց ընդունել այդ օրենքը` վրաց ժողովրդի կողմից քննադատվելուց հետո։
Այդուհանդերձ, մենք հիասթափվեցինք, երբ վարչապետը սխալ գնահատեց երկրի վարկանիշը, մեզ համար անընդունելի է, որ Վրաստանի կառավարությունն օգտագործում է այդ «վարկանիշը»՝ արդարացնելու համար թափանցիկության պատրվակով անկախ քաղաքացիական հասարակությանը սահմանափակող օրինագիծը»,- գրել է կազմակերպությունը։