«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր և Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Նիկա Սամխարաձեն, մեկնաբանելով Մելիայի ձերբակալման գործով միջազգային արձագանքները, ասել է՝ «բավականին չափավոր ու փափուկ հայտարարություններ են»:
«Այն, որ կուսակցության առաջնորդը հայտնվում է բանտում, միշտ էլ վրդովմունքի հիմք կարող է լինել: Չնայած, մեկ բան պետք է ընդգծենք, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները այլ զարգացած երկրներում իրենց այսպես չեն պահում: Այս քննադատությունը սպասելի էր, կարելի է ասել՝ մեզ համար մասամբ ընդունելի է նաև»,- հայտարարել է Սամխարաձեն:
Նշենք՝ Նիկա Մելիային ձերբակալելուց հետո բոլոր հնարավոր արևմտյան միջազգային գործընկերները քննադատել են նորանշանակ վարչապետ Ղարիբաշվիլիի առաջին որոշումը՝ ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու հետ կապված: Թերևս ամենախիստ արձագանքը ԱՄՆ-ն է ունեցել: Դեսպան Քելլի Դեգնանն այսօր հայտարարել է, որ հանդիպումներ կունենա կողմերի հետ, հասկանալու համար՝ արդյո՞ք կա բանակցությունների սեղան վերադառնալու ճանապարհ: