Նոր ուսումնական տարվանից, Վրաստանի կրթության նախարար Միխայիլ Չխենկելիի առաջարկով Վրաստանի 150 դպրոցներում պիլոտային ծրագիր կմեկնարկի՝ «Minecraft Education Edition»:
Այս մասին հաղորդում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից: Նախարարը Լոնդոնում է՝ համաշխարհային կրթական ֆորումի շրջանակում: Նա հանդիպել է Microsoft ընկերության առաջատար տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ: Նրանց հետ քննարկվել է ընկերության առաջարկների հասանելիությունը՝ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, նաև «Minecraft Education Edition» ծրագրի ներմուծումը՝ հանրային դպրոցներ՝ պիլոտային ռեժիմով և Microsoft-ի համակարգչային լաբորատորիաների ձևավորում:
«Minecraft Education Edition» Microsoft-ի ստեղծած ծրագիրն է, այն օգնում է երեխաներին՝ յուրացնել գիտելիքներ՝ ճարտարապետության, շինարարության, ստեղծագործ ոլորտներում: Minecraft ծրագրի շնորհիվ կարելի է կառուցել, վիրտուալ գազանանոց, ֆերմաներ, տներ, տեսարժան վայրեր, ծուղակներ, շատրվաններ, գետեր, մեքենաներ, նկարներ, ճանաչել մարդու ներքին օրգանները, ստեղծել հեքիաթներ ու ծաղրանկարներ:
Կրթության նախարարությունում վստահ են՝ «Minecraft Education Edition»-ը ուսումնական տարին ավելի հետաքրքիր ու արդյունավետ է դարձնելու:
2019-ին Microsoft-ն ու Վրաստանի կրթության նախարարությունը համագործակցության հուշագիր են կազմել:
Microsoft-ը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից է, ներկայացնում է սարքավորումների ու ծառայությունների, ծրագրային ապահովման ու IT- ծառայությունների մեծ շրջանակ: Սա աշխարհի խոշորագույն կորպորացիաներից է, աշխատում է 190 երկրում:
Վրաստանի ԿԳ նախարարության հետ համագործակցում է ավելի քան 10 տարի, համագործակցության շրջանակներում անցկացնում է սեմինարներ ու համաժողովներ՝ ուսանողների, աշակերտների ու մանկավարժների համար: