Հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել Եվրոպայի ապագայի վերաբերյալ, որտեղ քննարկվել է նաև Վրաստանի հարցը։ Հանձնաժողովը լսել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենին:
«Մենք ակտիվորեն դիտարկում ենք պատժամիջոցների վերաբերյալ մեր տարբերակները», — ասել է Օ’Բրայենը՝ կոչ անելով Վրաստանի կառավարությանն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը «համապատասխանեցնել ԵՄ օրենքին, ոչ թե Ռուսաստանի օրենքին»:
Նա նաև կոչ է արել թույլ չտալ Չինաստանին կառուցել Անակլիայի խորջրյա նավահանգիստը. «Այս քայլերն այսօր իսկապես կարևոր են Վրաստանի համար»:
Մեկուկես ժամ տևած լսումների սկզբում դեմոկրատ սենատոր Ջին Շահինն իր բացման խոսքում նշել է. «Ինչպե՞ս ենք մենք շարունակում աջակցել ժողովրդավարական ոգուն այնպիսի երկրներում, ինչպիսին Վրաստանն է, որտեղ կառավարությունը փորձում է խարխլել իր ԵՄ անդամակցության հավակնությունները՝ չնայած իր ժողովրդի ամուր եվրոպական նկրտումներին»:
Ուղիղ եթերում Ուկրաինային օգնելու, Ռուսաստանի զսպման ճիշտ ռազմավարության և Չինաստանի գլոբալ աճող դերի խնդրի քննարկման ժամանակ Վրաստանի հարցը կրկին բարձրացրել է Ջին Շահինը։
Սկզբում նա Վրաստանի կառավարությանը հիշեցրել է, որ Վաշինգտոնում «Վրացական երազանք»-ի վերջին քայլերի պատճառով առաջացած դժգոհությունը երկկուսակցական է. ոչ դեմոկրատները, ոչ հանրապետականները հավանություն չեն տալիս Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին.
Դրանից հետո սենատորն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող լծակները՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։
Խոսքի ավարտին Շահինն ասել է, որ չի հասկանում, թե «ինչու կառավարությունը չի լսում վրաց ժողովրդին, որն ակնհայտորեն չի ցանկանում գնալ այն ճանապարհով, որով հիմա գնում է»: Սրան ի պատասխան` Օ՛Բրայենն ասել է, որ «միայն Ռուսաստանն է գոհ Վրաստանի կառավարության կուրսից»:
Ի դեպ, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մայիսին 84 ձայնով ընդունել է «գործակալների օրենքը»։ Հազարավոր մարդիկ փողոցում բողոքեցին այս օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ գործընկեր երկրները հորդորեցին Վրաստանի իշխանություններին հրաժարվել օրենքի ընդունումից, քանի որ դա կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը։
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի կառավարությունը հստակ նախազգուշացումներ է ստացել իր գործընկերներից, և ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու» մեղավորների նկատմամբ, իշխող կուսակցությունն ասում է, որ «գործակալների օրենքը» երկիրը մոտեցնում է Եվրամիությանը։