Վրաստանի ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդ Թինա Բոկուչավայի խոսքով, ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ կոալիցիայի դիրքորոշումը ենթադրում է, որ չեն պատրաստվում մտնել խորհրդարան։
Բոկուչավան այս հայտարարությունն արել է նախագահի հետ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումից առաջ։
«Երեկ մենք առաջինն էինք, որ հայտարարություն արեցինք: Համաձայն եմ, որ երեկվա պատմական ընտրությունները գողացել է Իվանիշվիլին, որ սա վրաց ժողովրդի կամքի իսպառ արհամարհում է, որ իրականում եղել է ռուսական տիպի հատուկ գործողություն վրաց ժողովրդի դեմ, որն ընտրել է եվրոպական ապագան, և Իվանիշվիլին գողացավ այս հաղթանակը։
Բնականաբար, երբ մենք ասում ենք, որ չենք ճանաչում ընտրությունների արդյունքը, դա իհարկե՝ ենթադրում է, որ չենք պատրաստվում մտնել խորհրդարան,- ասել է Բոկուչավան։
Այսպիսով, վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, հրաժարվում են խորհրդարանական մանդատներից:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:
- «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու համար, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։