
«Միասին՝ ընդդեմ մեկի» խորագրով ցույցերը Վրաստանի շրջաններում շարունակվում են. դեկտեմբերի 22-ին միավորված ընդդիմությունը ցույց է անցկացրել Բաթումիում: Ցույցի մասնակիցները հավաքվել են «Մայիսի 6»-ի այգում, ինչից հետո երթով շարժվել են դեպի Վարդերի հրապարակ, որտեղ էլ տեղակայված է Բաթումիի քաղաքապետարանը:
Ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը 2020 թվականին համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումն են: Մինչ այդ, ընդդիմությունը հայտնել էր՝ «եթե «Վրացական երազանքը» զիջման չգնա, էլ ավելի մեծամասշտաբ ցույցեր կանենք»:
Ցույցին մասնակցել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:
Սա միավորված ընդդիմության թվով 2-րդ շրջանային ցույցն է: Ծրագրվում է նման ակցիաներ անցկացնել բոլոր շրջաններում:
Միևնույն ժամանակ, շրջանային այցեր է կատարում նաև ընդդիմադիր «Քաղաքացիական շարժման» հիմնադիր Ալեկո Էլիսաշվիլին: Նա այցերի ընթացքում շրջանների բնակիչներին ծանոթացնում է ընտրակարգերի մանրամասների հետ: