Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացի էմիգրանտների կողմից ստեղծված «Միասին դեպի տուն» կազմակերպության ծրագրերի շրջանակներում հանդիպել է Նյու-Յորքում ապրող վրացիների հետ: Սաակաշվիլին ԱՄՆ-ում մեծացող վրացական Սփյուռքի ներկայացուցիչների հետ զրուցել է Վրաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական իրավիճակի և իր առաջիկա ծրագրերի մասին:
Նախկին նախագահի խոսքով, պետք է վերջ դնել այս շրջանին, երբ Վրաստանի քաղաքացիները Եվրոպա մեկնելու համար օդանավակայաններից միակողմանի տոմսեր են գնում ու ետ չեն վերադառնում:
Նրա հավաստմամբ՝ բոլորը հայրենիք վերադառնալու մեծ պատրաստակամություն են հայտնել, սակայն ծանր սոցիալական պայմաններն ու գործազրկության մակարդակը մեծ խոչնդոտ են հանդիսանում: Սաակաշվիլիի խոսքերով, երկրում այսօր աշխատատեղերի ստեղծման հարցը օրհասական է․ «միայն այդ դեպքում էմիգրանտները կվերադառնան հայրենիք»:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի քայլերը նախկին նախագահը որակել է որպես «երկիրը սպանող»: Փոխանցում է Ռուսթավի 2-ը: