ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Վրաստանում անցկացված ընտրություններին։ Պետքարտուղարությունում հրավիրված ասուլիսը Միլլերը սկսել է Վրաստանի մասին հայտարարությամբ և իշխանություններին կոչ է արել հետաքննել ընտրությունների ընթացքում նկատված խախտումները։
Միլլերի կարծիքով՝ ձայների գնումը և ընտրողներին ահաբեկումը խաթարում են արդար արդյունքների նկատմամբ վստահությունը:
«Շաբաթ օրը վրաց ժողովուրդը գնաց ընտրությունների, որոնք բնութագրվում էին իշխող թիմի կողմից հանրային ռեսուրսների անբարեխիղճ օգտագործմամբ, ձայների գնմամբ և ընտրողներին ահաբեկմամբ։
Սա նպաստեց անհավասար պայմանների ստեղծմանը և խաթարեց հասարակության ու միջազգային վստահությունն արդար արդյունքների հնարավորության նկատմամբ:
Մենք միանում ենք տեղական և միջազգային դիտորդների՝ ընտրությունների հետ կապված խախտումների ամբողջական հետաքննության կոչերին։ Նաև կոչ ենք անում հարգել խաղաղ հավաքների և արտահայտվելու հիմնարար ազատությունները։
Մենք հորդորում ենք Վրաստանի կառավարության ներկայացուցիչներին մտածել եվրատլանտյան հանրության հետ իրենց ցանկացած հարաբերությունների մասին, այլ ոչ թե վարել այնպիսի քաղաքականություն, որը կգովաբանեն ավտորիտար կառավարիչները։
Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80%-ը ցանկանում է իր երկիրը տեսնել Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում։ Վրաստանի սահմանադրությունը, որը մշակել և աջակցում է ներկայիս իշխող կուսակցությունը, արտացոլում է եվրատլանտյան ինստիտուտներին միանալու ցանկությունը։
Բոլոր կուսակցությունների նախընտրական քարոզարշավները սատարեցին այս նպատակին, սակայն իշխող կուսակցության ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում այս կուրսին»,- ասել է Մեթյու Միլլերը։
Ընտրությունների արդյունքները ստանալու մասին լրագրողների հարցին ի պատասխան` Միլլերն ասել է, որ ընտրությունների առնչությամբ դեռ վերջնական գնահատական չկա, և իրենք ցանկանում են, որ հետաքննություն անցկացվի։