Միակուսակցական խորհրդարանը կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

Վրաստանի չլեգիտիմացված, միակուսակցական խորհրդարանը կառավարության կազմը նախատեսում է հաստատել նոյեմբերի 28-ին, չլեգիտիմացված խորհրդարանի 2-րդ նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Ըստ նրա՝ նոյեմբերի 26-27-ը հանձնաժողովում կքննարկվի կառավարության կազմն ու ծրագիրը։

«Կառավարության կազմն ու ծրագիրը հինգշաբթի օրը կքննարկվի խմբակցության նիստում, ապա՝ լիագումար նիստում և կհաստատվի Վրաստանի կառավարության կողմից։ Մենք հինգշաբթի օրը կհաստատենք կառավարության կազմը»,- ասել է Պապուաշվիլին։

Նշենք, որ Վրաստանի հաջորդ՝ 6-րդ նախագահի ընտրությունը, հավանաբար, կկայանա դեկտեմբերի 14-ին։ Նորընտիր չլեգիտիմացված խորհրդարանը բանաձևի նախագիծը լիագումար նիստում կքվեարկի այսօր՝ նոյեմբերի 26-ին։ Ելնելով այն հանգամանքից, որ խորհրդարանը միակուսակցական է, կարելի է ենթադրել, որ «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված 89 պատգամավորները կողմ կքվեարկեն բանաձևին:

Վրաստանի 11-րդ գումարման նորընտիր չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստում, որին մասնակցեցին միայն իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները, լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակվել էր: Խորհրդարանի նիստին զուգահեռ, խորհրդարանի բակում ցույց էր, վանկարկում էին՝ «ռուսնե՛ր, ստրուկներ», շենքի կողային մուտքերի մոտ տեղակայված էին ոստիկաններ և հատուկջոկատայիններ:

Ի վերջո, միակուսակցական XI գումարման չլեգիտիմացված խորհրդարանը ճանաչեց բոլոր 150 պատգամավորների լիազորությունները։ Ընդդիմությունը չի պատրաստվում մտնել խորհրդրարան, նրանք դիմել են իրենց մանդատները չեղարկելու պահանջով:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախ, խորհրդարանի նիստը հակասահմանադրական որակեց, իսկ ավելի ուշ` օրը «սև երկուշաբթի Վրաստանում»:

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վայր են դրել չլեգիտիմացված խորհրդարանի իրենց պատգամավորական մանդատները։ Կոբախիձեն և Ղարիբաշվիլին նիստի ընթացքում Իվանիշվիլիին կոճակ սեղմել էին «սովորեցնում»: