Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: Այսօր բոլոր կուսակցությունները պաշտոնական հայտարարությամբ հանդես եկան, որ չեն պատրաստվում մուտք գործել խորհրդարան:
Խորհրդարան մտնելուց հրաժարվում են «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի», «Գիրչի», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական» կուսակցությունները:
Այս շարքին է միացել նաև ընդդիմության հետ չհամագործակցող «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը: Հետևաբար, այս տվյալներով Վրաստանի խորհրդարանը դառնում է միակուսակցական և այնտեղ կլինեն միայն «Վրացական երազանքի» անդամները:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերի հաշվարկից հետո կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը.
- «Վրացական երազանք» — 926 959 ձայն (48,15%),
- «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» — 522 563 ձայն (27,14 %),
- «Եվրոպական Վրաստան» — 72 752 ձայն (3,78%),
- «Հայրենասերների դաշինք» — 60 493 ձայն (3,14 %),
- «Լելո» — 60 691 ձայն (3,15 %)
- «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի» — 60 592 ձայն (3,15 %),
- «Գիրչի» — 55 600 ձայն (2.89 %),
- «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»- 25 534 ձայն (1.33 %),
- «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» -19 281 ձայն (1 %)։
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով՝ սկսում են մշտական բողոքի ակցիաներ, և նոյեմբերի 8-ին տեղի կունենա մեծամասշտաբ բողոքի ակցիա: Պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ու նոր ընտրական հանձնաժողովի ձևավորումը: