Սեպտեմբերին Վրաստանում հայտնվեց նոր հեռուստաալիք` «Մթավարի արխին», որը թարգմանաբար նշանակում է «Գլխավոր ալիք»: Այն խոստանում է լինել անվանը համահունչ` երկրի գլխավոր հեռուստաալիքը՝ նման ամիսներ առաջ գործող «Ռուսթավի 2»-ին:
Հիմնադիրները նույնպես նույնն են: «Ռուսթավի 2»-ի դատական գործից հետո, երբ հեռուստաալիքը վերադարձվեց (Ստրասբուրգի դատարանի որոշմամբ) նախկին սեփականատերերից մեկին, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան արդեն իսկ հայտարարեց, որ նոր հեռուստաալիք են բացելու:
Մի հեռուստաալիքի պատմություն
Այս հեռուստաալիքը երկար տարիների պատմություն ու հսկայական արխիվ ունի: Այն հիմնադրվել է 1994 թվականին` Էրոսի Կիծմարիշվիլիի, Դավիթ Դվալիի, Ջարջի Աքիմաձեի և Նիկա Տաբատաձեի կողմից: Հեռուստաալիքը, ի տարբերություն այն ժամանակ գործող հեռուստաալիքների, խոսում էր այն ամենի մասին, ինչն արգելված էր: Թեև «Ռուսթավի 2» անվանումը, նույնպես պատմություն ունի: 90-ականների սկզբին Ռուսթավի քաղաքում գործել է համայնքային 1 հեռուստաալիք` Ռուսթավի 1: Հանրային այս հեռուստաալիքը իր լոյալությունն էր հայտնել գործող իշխանություններին (ինչպես դա սովորաբար լինում է «Հանրային հեռուստաընկերությունններում», ելնելով մեր տարածաշրջանի փորձից): Այդ իսկ պատճառով, հեռուստաընկերության հիմնադիրները որոշել են Թբիլիսիին մոտ գտնվող այս փոքր քաղաքում զբաղվել իրական լրատվությամբ: Թեև, իրենց գործունեությունը երկար չի տևել:
Տեղի իշխանությունները շուտով սկսում են ճնշումներ իրականացնել անկախ հեռուստաալիքի վրա, ինչի արդյունքում «Ռուսթավի 2»-ը, փակվելու փոխարեն, տեղափոխվում է Թբիլիսի և համայնքային հեռուստաալիքից դառնում ազգային: Հետագայում, հեռուստաալիքը ավելի ու ավելի է մեծանում, 2003 թվականի նոյեմբերին «Վարդերի» հեղափոխության օրերին ունենալով զգալի դերակատարություն: «Ռուսթավի 2»-ը սկսում է հարթակներ տրամադրել Շևարդնաձեի իշխանությանը ընդդիմացած մի շարք գործիչների, այդ թվում հեղափոխության խորհրդանիշ Միխեիլ Սաակաշվիլիին:
Սակայն, հեղափոխությունից 2 տարի անց «Ռուսթավի 2»-ի սեփականատերը անսպասելիորեն փոխվում է: Դվալիից և Աքիմաձեից հեռուստաալիքն անցնում է գործարար Քիբար Խալվաշիին: Դրանից 1 տարի անց Խալվաշին նույնպես անսպասելիորեն վաճառում է հեռուստաալիքը` Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարարի եղբորը` Դավիթ Բեժուաշվիլիին:
Վաճառքից հետո հեռուստաալիքը ամբողջովին փոխում է խմբագրական քաղաքականությունը, իր հավատարմությունը հայտնում Սաակաշվիլիի իշխանությանը՝ փաստացիորեն դառնալով Սաակաշվիլիի գլխավոր PR-ը:
Արդեն 2019-ի օգոստոսին Ստրասբուրգի դատարանը որոշում կայացրեց, որի համաձայն, Խալվաշիին ստիպել են վաճառել հեռուստաալիքը: Իր հերթին, Դվալին և Աքիմաձեն հայտարարում են, որ իրենց ստիպել են հեռուստաալիքը վաճառել Խալվաշին:
Ստրասբուրգի դատարանի որոշումից առաջ Խալվաշին, Աքիմաձեն և Դվալին պայմանավորվածություն են ձեռք բերում, որ Աքիմաձեն և Դվալին դատական վեճ չեն սկսում Խալվաշիի նկատմամբ: Փոխարենը, Ստրասբուրգի դատարանի դրական որոշման դեպքում, հեռուստաալիքի բաժնետոմսերը բաժանում են 3-ի մեջ, իսկ գլխավոր տնօրեն նշանակում Դվալիին:
Այնուամենայնիվ, պայմանավորվածությունը, որի մասին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ բազմիցս արծարծվել է լրատվամիջոցներում, իրականություն չդարձավ: Ստրասբուրգի որոշումից անմիջապես հետո գլխավոր տնօրեն նշանակվեց Խալվաշիի փաստաբան Պաատա Սալիան, իսկ բաժնետոմսերը 3 հավասար մասի բաժանելու փոխարեն Խալվաշին հրաժարվեց բաժնետոմսերի առնվազն 51%-ից զրկվել:
Բացի այս, արդեն երկար տարիներ խոսվում էր «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և Խալվաշիի կապի մասին, թեև վերջինս հայտարարում էր, որ դա որևէ կերպ չի ազդի խմբագրական քաղաքականության վրա: Այդուհանդերձ, այս պահին «Ռուսթավի 2»-ը չունի նորությունների թողարկում, քանի որ Սալիան աշխատանքից ազատել էր հեռուստաընկերության մի շարք անկյունաքարային աշխատակիցների, ինչին ի զորակցություն մի շարք այլ աշխատակիցներ նույնպես հեռացան: Ավելի ճիշտ` տեղափոխվեցին Նիկա Գվարամիայի կողմից ստեղծված նոր հեռուստաալիք: