Մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է:
Այս օրը աշխարհի տարբեր երկրներում ճանաչողական միջոցառումներ ու երթեր են անցկացվում ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի։
Վրաստանում այս օրը նշվում է 2011 թվականից, սակայն, արդեն հայտարարվել է, որ այս տարի Թբիլիսիում շքերթ չի լինելու: Tbilisi Pride ՀԿ-ն տեսաուղերձ է տարածել, որում վրացական ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ու նրան իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող հայտնի դեմքերը խոսում են առկա խնդիրների մասին:
«Մեզ օգտագործում են սոցիալական խնդիրները քողարկելու համար»,-ասում են Tbilisi Pride-ի ներկայացուցիչները։
Այսօր առավոտյան կազմակերպությունը Թբիլիսիի Բարաթաշվիլիի կամրջի վրա տեղադրել է ԼԳԲՏ համայնքի դրոշը: Նշենք, որ Վրաստանում ամեն անգամ համայնքի ցանկացած շքերթ ուղեկցվել է հակաակցիայով։
Հատկանշական է, որ այսօր՝ մայիսի 17-ին, վրաց եկեղեցին նշում է ընտանիքի սրբության օրը, որի կապակցությամբ ժողովրդական երթ է անցկացվելու։
Ի դեպ, Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն օրվա առիթով ուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես գրված է. «Այսօր հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի եւ բիֆոբիայի դեմ միջազգային օրն է: Մենք հավատում ենք հավասարությանը և բոլորի համար մարդու հիմնարար իրավունքների հանդեպ մեր հանձնառությունն անխտիր է: Հասարակությունը, որում քաղաքացին ազատորեն ապրում է՝ առանց բռնության, խտրականության ու վախի, ուժեղ և զարգացած է»։