Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար, փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին այսօր այցելեց Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի տարածք, որտեղ հայտնաբերվել են հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր։ Ներկա էին նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, հասարակական գործիչ և լրագրող Վան Բայբուրթը, հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը և այլք։
Նախարարը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է վարվել անպես, ինչպես վարվում են մարդիկ հանգուցյալների աճյունների հանդեպ․
«Շինարարական աշխատանքների ընթացքում երբ իմացանք, որ դպրոցի հարակից տարածքում հայտնաբերվել են հայերեն գրությամբ տապանաքարեր, անմիջապես տեղեկացրինք Վրաստանում ՀՀ դեսպանին, Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդին և Վան Բայբուրթին։
Հանդիպեցինք նրանց, քննարկեցինք, թե ինչ ցանկություններ ունեն այդ տարածքի հետագա աշխատանքների առնչությամբ, և Հայաստանի ներկայացուցիչների ու պարոն Սմբատյանի համաձայնությամբ` հայտնաբերված հինգ տապանաքարերը, հնարավոր է` նույնիսկ ավելի շատ լինի, կտեղափոխվեն հայկական եկեղեցի, իսկ այնուհետև` ըստ ավանդույթի, Խոջիվանքի պանթեոն», — տեղեկացրեց նախարարը։
Նա մանրամասնեց, որ տապանաքարերը պատկանում են հայազգի մեծանուն անձանց, որոնք թաղվել են խորհրդային տարիներին ոչնչացված և ավերված հայկական եկեղեցու հարևանությամբ․
«Մեզ համար մեծ պատիվ է վարվել այնպես, ինչպես վարվում են մարդիկ հանգուցյալների նկատմամբ և հարգենք նրանց. ի դեպ, այս տարածքը պատկանում է նախարարությանը, և որտեղ հայտնաբերվել են տապանաքարերը, ապագայում հնագիտական պեղումների վայր կդառնա»։
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը նշեց, որ այդ իրադարձությունը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության հերթական վկայությունն է։
«Այս իրադարձությունը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության հերթական վկայությունն է, որովհետև ևս մեկ անգամ Վրաստանի իշխանությունները և վրաց ժողովուրդը ցույց են տալիս իրենց վերաբերմունքը քաղաքակրթության և քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Մենք սա շատ բարձր ենք գնահատում, վստահ եմ` գնահատում է նաև վիրահայությունը։
Այն մասունքները, որ այսօր հանվում են և պետք է տեղափոխվեն պանթեոն, Թբիլիսիում գործունեություն ծավալած անձանց մասունքներ են, որոնց հարյուրավոր տարիներ առաջ հուղարկավորել են այստեղ։ Վրաստանի ցուցաբերած հոգատարությունը այս նմուշների նկատմամբ` իրապես արժանի է հարգանքի», — նշեց ՀՀ դեսպանը։
Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանը նշեց, որ այդ տարածքում գտնվող «Վանք» կոչվող եկեղեցու տեղում հայտնաբերված տապանաքարերը Վրաստանի մշակույթի նախարարության տարածքից կտեղափոխվեն հայ մեծերի պանթեոն որտեղ կվերագտնեն իրենց վերջնական հանգիստը․ «Ոչ ոք չէր ուզենա, որ իր շիրիմը հայտնվեր այս վիճակում, բոլորս էլ մարդ ենք և պարտավոր ենք մարդկայնորեն վարվել այս տապանաքարերի հետ»։
Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հայտնեց, որ հայտնաբերված նմուշները մեծ արժեք ունեն, քանզի Վանքի մայր տաճարը եղել է նաև մշակութային հսկա կենտրոն` ոչ միայն թիֆլիսահայերի, այլև ողջ արևելահայության համար․
«Այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի բոլոր հայտնաբերված աճյունները ըստ հարկի հանձնվեն հողին։ Քահանա Հովհաննես Տեր–Պողոսյանի և նրա կնոջ տապանաքարերը երբ հանվեցին, պարզվեց, որ կան այլ պահպանված դամբարաններ ևս, որոնք մոտակա օրերս կբացվեն», — ասաց Չիդիլյանը։
Հասարակական գործիչը հավելեց, որ այդ դամբարանները, կարծես, կոմունիստները չեն պղծել, և այդտեղ շատ արժեքավոր պատմական նյութեր կարող են հայտնաբերվել։
«Այսօր շատ տխուր և միաժամանակ ուրախալի օր է. տխուր է, որովհետև շատ ենք կորցրել նման գերեզմաններ բազում երկրներում, և ուրախ օր է, որովհետև Վրաստանի փոխվարչապետը լավագույն ձևով արձագանքեց` իսկական քրիստոնյայի պես` նպաստելով, որ քրիստոնեաբար հողին հանձնվեն հայտնաբերված մասունքները։ Սա լավ օրինակ է` գնահատելու համար, թե ինչպիսի պետություն է Վրաստանն այսօր», — ասաց Վան Բայբուրթը։
Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության հնէաբան Զուրա Գիորգաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ներկայացրեց դամբարանների հայտնաբերման ընթացքը։
«Աղբյուրների համաձայն, հայկական եկեղեցու հարակից տարածքում գերեզմաններ են եղել, այս դեպքում` հայազգի ականավոր ռազմական, հոգևոր գործիչների շիրիմները։ Նաև հայտնի է, որ 20-րդ դարի 30–ական թվականներին կատարվել է այս գերեզմանների ոչնչացում, ցավոք` ոչնչացրել են վանքը և հարակից կառույցները։ Երկու տասնյակ շիրմաքարեր արդեն հայտնաբերվել են այս տարածքում, և վերջերս հայտնաբերված հինգ տապանաքարերը, որոնցից երեքն արդեն հողից հանված է, պահպանվում են հատուկ վայրում և կտեղափոխվեն Խոջիվանքի պանթեոն», — ասաց հնէաբանը` հավելելով․ «Գտնված տապանաքարերից միայն 2-ի վրա կան գրություններ` մարմարե տապանաքարերի վրա։ Գրության համաձայն՝ տապանաքարերը պատկանել են եկեղեցու քահանային, որը մահացել է 1887 թվականին, իսկ նրա կինը` 1877 թվականին»։
Հնէաբանը նաև ասաց, որ տարածքում ներկա պահին և՛ մշակութային, և՛ հնէաբանական տեսանկյունից` այլ արժեքավոր նմուշներ չկան։