«Դիդգորիի հովիտը վրացիների միասնության, նվիրվածության և հայրենասիրության օրինակ է», — Դիդգորիում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` շնորհավորելով տոնի կապակցությամբ:
«Դիդգորին, որտեղ մենք այժմ գտնվում ենք, մեր ռազմական հզորության, միասնության ու ազատության խոսուն խորհրդանիշն է: Ես՝ որպես շարքային վրացի, և ձեզանից յուրաքանչյուրը յուրահատուկ կապ է զգում այս դաշտի հետ: Մի կողմից Դիդգորիի հաղթանակը հայրենասիրության մեծագույն դրսևորում էր, մյուս կողմից ճիշտ և արդյունավետ ռազմավարություն էր: Վրաց պատրիարքը մի առիթով ասել է, որ Դիդգորիի ճակատամարտը շարունակվում է: Այո՛, ընկերներ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար Դիդգորիի պատերազմը շարունակվում է: Սա պայքար է և ծառայություն մեր երկրի համար», — հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ այդ պայքարն ի վերջո պտուղներ է տալու՝ Վրաստանը դարձնելով միասնական, հաջողակ և եվրոպական երկիր, որի համար կռվել են Դավիթ Շինարարն ու մյուսները: