Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի «Վարկեթելի» մետրոյի վերականգնման շուրջ բանակցություններ են ընթանում երկու ընկերության հետ, որոնցից մեկը թուրքական է։
Խմալաձեն նշել է, որ «Մամիսոն շինարարական ընկերություն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը խզվել է: Ի դեպ, «Մամիսոն շինարարական ընկերություն» ՍՊԸ-ն շինարարական որևէ աշխատանք չի կատարել: Քաղաքապետարանը ընկերությանը «սև ցուցակ» է գցել և տուգանք է նշանակել։
«Մետրոյի այս նախագիծը շատ կարևոր է, որը վաղուց է ընթանում։ Հուսով եմ, որ պարզեցված գնումների միջոցով մենք կընտրենք մի ընկերություն, որը կկարողանա ժամանակին կատարել աշխատանքները»,- ասել է Խմալաձեն։
Հարկ է նշել, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնողական աշխատանքներն իրականացնում է նույն ընկերությունը. դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի «Գոցիրիձե»–ն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 30-ին մետրոյի «Վարկեթիլի» կայարանի առաստաղը փլուզվել էր. վիրավորվել էր 14 մարդ։ Դրանից հետո առաստաղը չի վերականգնվել։