Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի հիմնանորոգման համար ծախսվել է 8 տարի և 3,3 միլիոն լարի, թեև՝ վերականգնման աշխատանքները դեռ չեն ավարտվել և վերջնաժամկետը հետաձգվել է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։ «Վարկեթիլի» կայարանի հետ կապված զարգացումները վերանայել է «Փլանգվիս դետեկտորի» մեդիա նախագիծը, որը զբաղվում է պետական միջոցների յուրացման և հնարավոր կոռուպցիայի դեպքերի բացահայտմամբ:
Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնումը սկսվել է դեռ 2016 թվականին, կապալառուն եղել է «Կղվարելռեմմշենի ՍՊԸ» ընկերությունը։ Կայարանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2017 թվականին, սակայն առաստաղը շատ չանցած փլվել է, որից տուժել է 14 քաղաքացի:
2019 թվականին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մեկնաբանել է մետրոյի կայարանի վիճակը, նշել՝ ամոթալի է, որ փլուզված առաստաղը դեռ չի վերանորոգվել։ Այդուհանդերձ, մետրոյի կայարանի վերականգնման և հիմնանորոգման մրցույթը հայտարարվել է միայն 2022 թվականին, որը շահել է «Մամիսոն» ՍՊԸ-ն։
«Մամիսոն» ՍՊԸ-ն ամիսներ շարունակ չի ներկայացրել համապատասխան նախագիծ, իսկ հետո պարզվել է, որ աշխատանքները չեն կարող ավարտվել նշված ժամկետում, ինչի հետևանքով ընկերության հետ խզվել է պայմանագիրը, ապա այն հայտնվել է սև ցուցակում։
2022 թվականի դեկտեմբերի 21-ին «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» և «Բադա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ «Բադա Քոնսթրաքշնը» պետք է իրականացներ մետրոյի «Վարկեթելի» կայարանի վերակառուցումն ու հիմնանորոգումը։
«Բադա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի և նշված գնման մասին «Փլանգվիս դետեկտոր»-ը գրել էր դեռ 2023 թվականի հունվարին։ Նշված ընկերության 100 տոկոսի սեփականատեր Բաչանա Ադամիան «Վրացական երազանք»-ի դոնոր է. 2014 թվականին նվիրաբերել է 60 հազար լարի։
Պայմանագրի արժեքը կազմել է 13 մլն 398 հազար 611 լարի 88 թեթրի, և ընկերությունը պետք է աշխատանքները ավարտեր 18 ամսում, այսինքն՝ 2024 թվականի հունիսի 21-ին։ Պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 4 անգամ։ Պայմանագրի ավարտի սկզբնական ամսաթիվը եղել է 2024 թվականի սեպտեմբերի 22-ը, սակայն վերջին փոփոխություններով այն սահմանվել է 2024 թվականի դեկտեմբերի 2-ը: Ընդհանուր առմամբ ընկերությանն արդեն վճարվել է 2 մլն 996 հազար 227 լարի 88 թեթրի, իսկ ընդունման վերջին պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին։
2024 թվականի նոյեմբերին «Թբիլիսի տրանսպորտային ընկերության» գլխավոր տնօրեն Գիորգի Շարկովը հայտնել էր, որ «Վարկեթիլի» մետրոյի կայարանում աշխատանքները դադարեցվել են, քանի որ նորացված նախագիծը ներկայացվել է Սամխարաուլիի բյուրոյին, իրենք սպասում են եզրակացության։ Այս մեկնաբանությունից կարճ ժամանակ անց՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, «Թբիլիսի տրանսպորտային ընկերության» և «Բադա Քոնսթրաքշնի» միջև ստորագրվել է պայմանագիր, ըստ որի՝ պայմանագրում մետրոյի «Վարկեթիլի» կայարանում իրականացվելիք աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։