Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ տեղի բնակչությանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ոռոգման ջրով ապահովված տարածքը կավելանա մինչև 8 105 հեկտար: Այս մասին տեղեկանում ենք նախընտրական շրջանում «Վրացական երազանք»- ի կողմից հրապարակված Ախալքալաքի նախընտրական ծրագրում ։
Հարկ է նշել, որ 2022-2024 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետը այս նպատակով հայտարարել է ընդհանուր առմամբ 9 մրցույթ, որոնցից այս փուլում կնքվել է ընդամենը 4 պայմանագիր (ընդհանուր 120 024,35 լարի)[1]:
Ախալքալաքի քաղաքապետարանի 2022 թվականի բյուջեում ջրային համակարգի վերականգնման համար հատկացվել է 628,3 հազար լարի, իսկ ծրագրի նկարագրության մեջ նշված է, որ որոշ դեպքերում ծրագրում ներառված է նաև ոռոգման և ջրահեռացման ջրանցքների կազմակերպում-վերականգնում, թեեւ մանրամասներ, թե որտե՞ղ է նախատեսվում ոռոգման ջրանցքների կազմակերպում-վերականգնումը, չի նշվում։ 2023 թվականի բյուջեում՝ ջրային համակարգի վերականգնման համար արդեն հատկացվել է 1824,6 հազ. լարի և ներառվել է գյուղ Մ․ Սամսարի 3500 մետր ոռոգման ջրանցքներ Սամսարում և գյուղ Դիլիսկայում 320 մետր երկարությամբ բետոնե ջրանցքի կառուցումը (տե՛ս գծապատկեր 1), թեև պետական գնումների գործակալության կայքում այս ուղղությամբ մրցույթներ չեն հայտարարվել։
Ինչ վերաբերում է 2024 թվականի բյուջեին, ապա ջրամատակարարման համակարգի վերականգնման համար հատկացվել է 280,0 հազար լարի, և նախատեսվում է միայն Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի կենտրոնական ջրատարի վերականգնում:
Մենք զրուցեցինք գյուղ Մեծ Սամսարիի և գյուղ Դիլիսկայի բնակիչների հետ։ Ինչպես հայտնում է Մեծ Սամսարի գյուղի բնակիչներից մեկը՝ ոռոգման ջրանցքի աշխատանքները սկսվել են մի քանի տարի առաջ, սակայն ներկայումս աշխատանքների ընթացքը դադարեցված է, և չգիտեն, թե երբ են վերսկսվելու աշխատանքները.
«Որքանով տեղյակ եմ, այս նախագիծը սկսվել է մի քանի տարի առաջ, բայց նրանք դեռ չեն ավարտել այն։ Հողի մի մասը փորվել է և խողովակներ են դրվել, բայց կատարվելիք աշխատանքների նույնիսկ կեսը չի կատարվել, նախագծով նախատեսված հողի կեսից ավելին պետք է փորվի ոռոգման ջրանցքների անցկացման համար: Գյուղի բնակչության մի մասը շարունակում է մնալ առանց ոռոգման ջրի, քանի որ ջրանցքը նախատեսվում է անցկացնել այն տարածքում, որտեղ մարդիկ հող չունեն մշակելու համար: Բնակչության մի մասն այլևս չի մտածում այս ոռոգման ջրանցքի ճակատագրի մասին, քանի որ նրանք ունեն իրենց սեփական ոռոգման խողովակները։ Ինչ վերաբերում է բնակչության այն հատվածին, որը չի կարող իրեն թույլ տալ այս ամենը, ապա նրանք սպասում են անձրևային եղանակի։Կարծում եմ, որ եթե այս ծրագիրը երբևէ ավարտվի, ոռոգման ջրի խնդիրը դեռ ամբողջությամբ չի լուծվի, քանի որ, ինչպես արդեն նշեցի, ջրանցքը նախատեսվում է կառուցել մի տարածքում, որտեղ մարդիկ հող չունեն մշակելու։ Այնտեղ, որտեղ մարդիկ հող ունեն մշակելու եւ իսկապես ոռոգման ջրի կարիք ունեն, այնտեղ չեն տարվում»,-նշեց Մեծ Սամսարի գյուղի բնակիչ Ա․Մ․-ն։
Գյուղ Դիլիսկայում ջրանցքի կառուցման վերաբերյալ զրուցեցինք տեղի բնակիչներից մեկի հետ, ով ասաց, որ ոչինչ չի արվել գյուղի ոռոգման ջրի լուծելու համար, և այս հարցը դեռ չլուծված է.
«Ոռոգման ջրանցք կառուցելու վերաբերյալ պաշտոնյաներից ոչինչ չենք տեղեկացել, համագյուղացիներից միայն խոսակցություններ ենք լսել։Գյուղում երկու լիճ կա, այնտեղից ջուր են հանում, հետո ոռոգում, չնայած այն հողը, որ լճի մոտ է, շահույթ է բերում, իսկ այն, որ հեռու է, շատ է տուժում ոռոգման ջրի պակասից: Կարծում եմ նաև, որ գյուղի աշխարհագրական առանձնահատկությունները մեծ նշանակություն ունեն, քանի որ գետը հոսում է գյուղի ստորին հատվածով, իսկ բնակչության մշակվող հողերը գտնվում են գյուղի մեկ այլ մասում: Այստեղ գյուղական բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, և ոռոգման ջրանցքի և ջրի առկայությունը կենսական նշանակություն ունի: Կարծում եմ, որ դա պայմանավորված է մեծ ֆինանսական ծախսերով, ինչպես նաև գյուղի աշխարհագրական դիրքով (գյուղը գտնվում է սարալանջին), նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում դժվար է ասել, թե որքանով է լուծելի այս խնդիրը»,-ասում է Դիլիսկա գյուղի բնակիչ՝ Վ․Գ․-ն
Հրապարակային հրապարակված փաստաթղթերից հնարավոր չէ հաշվարկել, թե խոստման ո՞ր մասն է կատարվել այս փուլում, քանի որ պետական գնումների գործակալության պորտալում տեղադրված նյութերում չի հստակեցվում, թե ո՞ր մրցույթի շրջանակներում ո՞ր տարածքն է ապահովվել ոռոգման ջրով: «Ալիք Մեդիան» փորձել է հավելյալ տեղեկատվություն ստանալ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանից: Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հեռախոսազրույցում հարցի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել և կոչ է արել սպասել հայտարարության պատասխանին: Ցավոք, հանրային տեղեկատվություն հայցող մեր նամակը մնաց անպատասխան ՝ չնայած օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալուն։
Այս փուլում կարող ենք միայն ասել, որ Ախալքալաքի քաղաքապետը որոշակի քայլեր է ձեռնարկել ընտրություններից առաջ տրված խոստումը կատարելու համար, բայց թե որ փուլում է այդ գործընթացը և ընտրություններից առաջ հնչած թվի որ մասն է կատարվել, գնահատել հնարավոր չէ:
«Ալիք Մեդիան» կշարունակի հետևել խոստման կատարման ընթացքին և առաջիկայում կտրամադրի խնդրի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն։
[1] (NAT220013668 — Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղի ոռոգման համակարգի վերականգնում, NAT220015109 —Գյուղին աջակցություն նախագծի շրջանակներում՝ 1. Ոռոգման համակարգի վերակառուցում Ախալքալաքի մունիցիպալիտետի Տրկնա գյուղում, որի նախագծման արժեքը, ներառյալ ԱԱՀ-ն, կազմում է 8406 լարի, 2. Ոռոգման համակարգի վերականգնում Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղում, որի նախագծման արժեքը, ներառյալ ԱԱՀ-ն, կազմում է 16 000 լարի, 3. Ախալքալաքի մունիցիպալիտետ, գյուղ Էրինջա, ոռոգման համակարգի կառուցում, ծրագրի արժեքը, ներառյալ ԱԱՀ, կազմում է 10000 լարի, NAT230015666 —Գյուղին աջակցություն նախագծի շրջանակներում՝ Ղադոլարի գյուղում ոռոգման ջրանցքի կառուցում (գյուղին աջակցության ծրագիր ՝ 13559 լարի , տեղական բյուջե ՝ 5021 լարի, ընդհանուր ՝ 18580), իսկ մնացած 5 մրցույթները բաշխվում են հետեւյալ կերպ․
- չի կայացել՝ (NAT240011440)
- ավարտված է բացասական արդյունքով (NAT230014547; NAT240012597)
- գործող պայմանագիր (NAT220015368),
- հայտարարված է (NAT240014068։