
Երեկ՝ ապրիլի 24-ին, Թբիլիսիում կայացավ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կազմակերպմամբ։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Միջոցառումն սկսվեց երաժշտական կատարմամբ․ ելույթ ունեցավ Ռուզան Մանթաշյանը, դաշնակահարն էր Մամիկոն Նահապետովը։ Այնուհետև իր ողջույնի խոսքը ներկաներին հղեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Դեսպան Սմբատյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ընդգծեց․ «Իմ համոզմունքն է, որ հիշողությունը վերջ չունի, հետևաբար պետք է շարունակվի այսօրինակ հիշատակի միջոցառումների կազմակերպումը: Իմ ցանկությունն է, որ այսօրինակ միջոցառումներին ներկա լինեն հասարակության լայն շրջանակներ առնվազն բոլոր այն երկրներում, որտեղ հայեր են ապրում»։
Ոգեկոչման խոսքով հանդես եկավ Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Գիորգի Մաիսուրաձեն։ Նա ընդգծեց վրաց և հայ ժողովուրդների պատմական և դարավոր կապը: Գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը ներկայացրեց տարբեր հետազոտություններ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ոգեկոչման արարողությունն ավարտվեց Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի բարեխոսական աղոթքով։