Այսօր՝ ապրիլի 24-ին, Թբիլիսիում կայացավ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կազմակերպմամբ։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Համերգը մեկնարկեց երաժշտական կատարմամբ․ ելույթ ունեցավ սոպրանո Կարինե Բաբաջանյանը, դաշնակահարն էր Գիորգի Շիոլաշվիլին։ Այնուհետև իր ողջույնի խոսքը ներկաներին հղեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Դեսպան Սմբատյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ընդգծեց․ «Այսօր բոլոր հայերի պարտքն է հավուր պատշաճի հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Աշխարհի բազմաթիվ անկյուններում այսօր տարբեր միջոցառումներ են անցկացվում, բայց Թբիլիսիում նման ոգեկոչման արարողություն անցկացնելը հատկապես կարևոր է»։
Երաժշտական կատարմամբ հանդես եկավ նաև Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտների քառյակը, որին հաջորդեց վրացի պատմաբան Նիկոլոզ Ալեքսիձեի ելույթը։ Նա նշեց, որ շատ կարևոր է հենց այսօր՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, խոսել հիշողության մասին․
«Կարծում եմ՝ հայերի և վրացիների համար միանգամայն յուրահատուկ դարաշրջան է սկսվում, երբ երկար ժամանակ անց մեր մեծ ու նվիրական նպատակները միավորվում են, ուրեմն` երբ, եթե ոչ այսօր պետք է խոսենք հիշողության և այս հիշողության վրա հիմնված ապագայի մասին», — ասաց պատմաբանը։
Ոգեկոչման արարողությունն ավարտվեց Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի բարեխոսական աղոթքով։