Վրաստանում փետրվարի 26-ին արձանագրված կորոնավիրուսի առաջին դեպքից հետո երկրում համար 1 քննարկման թեման նշված վարակն է: Նինոծմինդա քաղաքի առօրյան կարելի է ասել ընդհանրապես չի փոխվել: Օրինակ` քաղաքում մարդիկ չեն շրջում դիմակներով ու իրենց խոսքով խուճապի ու վախենալու կարիք չկա:
Նինոծմինդայի բնակիչ Միշա Մոսոյանի խոսքերով, նոր կորոնավիրուսը պետք է ընդունել ինչպես նախորդ այլ հիվանդություններ, օրինակ «Խոզի գրիպ» կամ «Թռչնագրիպ» կոչվածները:
«Մեր շրջանում ամեն ինչ հանգիստ է: Երեկ ես Թբիլիսիից եմ եկել, այնտեղ էլ էր իրավիճակը հանգիստ, չնայած ասում էին, որ վատ է այնտեղի դրությունը: Իմ կարծիքով Վրաստանի բժշկությունը առաջընթաց է ապրում ու առաջիկայում կկարողանա համապատասխան աշխատանքներ տանել վարակի կանխարգելման համար»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Մոսոյանը:
Բնակիչներից Մալխազ Բերիձեի խոսքով մարդիկ ինքնուրույն պետք է հետևեն կանոններին, քանի որ հենց մարդկանց շփման միջոցով է վարակը տարածվում ու եթե մարդիկ չհետևեն կանոններին` պետությունը ինչ էլ անի` օգուտ չի տա:
Արթուր Մղդեսյանը ընդհանրապես չի հավատում կորոնավիրուսին և բնակչությանը խորհուրդ է տալիս չմատնվել խուճապի:
«Ես մասնագիտությամբ որպես բժիշկ այս ամենին չեմ հավատում, կարծում եմ` սա որոշ պետությունների շահերից է բխում և մեր ժողովրդի հոգեբանության վրա են ազդում: Մեր բնակչությանը խորհուրդ եմ տալիս շատ օգտագործել բանջարեղեն ու հիվանդությունների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել»,- ասում է նա:
Նինոծմիդայի մանկապարտեզներից մեկի աշխատող Սուսաննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, սակայն խիստ պետք է պահպանել հիգիենայի կանոններն ու աշխատել չշփվել հիվանդ մարդկանց հետ:
Վարակի կանխարգելման համար Նինոծմինդայի մունիցիպալիտետում մի շարք միջոցառումներ են անցկացվելու:
Նինոծմինդայի սպորտ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանի խոսքերով, շրջանի տարբեր հաստատությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել ախտահանիչ աշխատանքներ:
«Հույս ունեմ, որ այս վարակը մինչև Նինոծմինդա չի հասնի: Հանրությանը կոչ եմ անում չօգտագործել շատ ալկոհոլ, զբաղվել սպորտով, առողջ ապրելակերպով և ավելի շատ օգտագործել բանջարեղեններ և մրգեր, որոնց պակասը մեզ մոտ չկա»,- ասում է Ղարսլյանը:
Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի առաջիկայում Նինոծմինդայում առկա բոլոր հաստատություններում կենտրոնական մեխանիզմներով անցկացվեն ախտահանիչ աշխատանքներ:
«Կարծում եմ` մեր շրջանում մարդկանց մոտ ավելի շատ վախ կա, քան պետք է: Պետք չէ խուճապի մատնվել ու խանութներ դատարկել: Մենք մեր ունեցած միջոցներով կանենք ախտահանիչ աշխատանքներ, մինչև կոնկրետ այս վարակի համար կկարողանանք կենտրոնական մեխանիզմներով միջոցառումներ անցկացնել»,- նշեց Եղոյանը:
Տարիքով մարդկանց մի խումբ «Ի՞նչ են մտածում Նինոծմինդայում կորոնավիրուսի մասին» հարցին պատասխանեց. «Մեծ մանչ ես, էդ հեքիաթների մի հավատա»: