Բրիտանական խորհրդարանի անդամ Բլեր Մաքդուգալը քննարկում է նախաձեռնել «Իմեդի»(Imedi) հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեի հետ առնչվող Hunnewell Partners ընկերության գործունեության մասին:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Մաքդուգալը դրա մասին հայտարարել է բրիտանական խորհրդարանում։
«Հաշվի առնելով Վրաստանում խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու համատարած անտեսումը, հարց է, թե արդյո՞ք խորհրդարանը ժամանակ կհատկացնի այդ խնդրի քննարկման համար: Imedi հեռուստաընկերությունը՝ այս դաժան կառավարության հիմնական քարոզչական ալիքը, շահագործում և ղեկավարում է Մեծ Բրիտանիայից Hunnewell Partners-ը։ Այսպիսով, մենք կարող ենք քննարկել, թե արդյո՞ք եկել է ժամանակը, որ Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) հետաքննություն սկսի այս երկրի գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են ռուսամետ քարոզչության խթանմանը և խաղաղ ցուցարարների դեմ բռնության հրահրմանը»,- ասել է Մաքդուգալը:
Բլեր Մաքդուգալին ի պատասխան՝ Համայնքների պալատի ղեկավար Լուսի Փաուելը շնորհակալություն է հայտնել նրան «այդ շատ կարևոր հարցը բարձրացնելու համար»։
Համայնքների պալատի ղեկավարը համաձայնել է, որ բանավեճը կարող է լավ առիթ լինել հարցը քննարկելու համար։
«Շնորհակալ եմ այս կարևոր խնդիրը բարձրացնելու համար։ Մեր կառավարությունը շարունակում է կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել ժողովրդավարական նորմերից շեղումը և իր արևմտյան գործընկերներից մեկուսացումը։ Մենք շարունակում ենք դատապարտել խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ անհարկի ուժի կիրառումը։ Դուք շատ կարևոր խնդիր եք բարձրացրել՝ կապված այս ոլորտում աշխատող ընկերությունների հաշվետվողականության հետ»,- ասել է նա: