Meta-ն դադարեցնում է Fact Checking գործառույթը

Meta Platforms ընկերությունը, որի մաս են կազմում Facebook-ը, Instagram-ը, Threads-ը, մտադիր է դադարեցնել «փաստերի ստուգման» (Fact-checking) գործառույթը՝ այն փոխարինելով «Հանրության մեկնաբանություններ»-ով (Community-driven): Այդ մասին հայտարարել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հունվարի 7-ին հրապարակած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ «Հանրության մեկնաբանություններ» գործառույթը նման է X հարթակին:

Նույն ուղերձում Ցուկերբերգն ասել է, որ Meta-ն «վերադարձնում է քաղաքացիական բովանդակությունը», ինչը նշանակում է, որ Meta Platforms-ի օգտատերերը կտեսնեն ավելի շատ գրառումներ քաղաքականության, ընտրությունների և սոցիալական հարցերի վերաբերյալ։

«Որոշ ժամանակ հասարակությունը խնդրում էր ավելի քիչ քաղաքականություն տեսնել, քանի որ այն սթրես էր իրենց համար: Մենք դադարեցինք քաղաքական թեմաներ առաջարկել, սակայն, նոր դարաշրջանում ենք, մարդիկ ցանկանում են նորից տեսնել նման բովանդակություն»,-ասել է Meta-ի գործադիր տնօրենը։