Մերժել Իվանիշվիլիի ռեժիմը. արևմտյան պաշտոնյաների կոչը

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարություն է տարածել Վրաստանի մասին, որը ստորագրել են 43 ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներ։

Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները աշխարհի բոլոր ազատ և ժողովրդավարական կառավարություններին կոչ են անում ձեռնպահ մնալ Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի հետ բարձր մակարդակի հանդիպումներից, քանի դեռ վերջինս չի համաձայնել անցկացնել ազատ և արդար ընտրություններ։ Նրանք նաև կոչ են անում կառավարություններին մերժել Իվանիշվիլիի անօրինական ռեժիմը:

«Մենք միասնական քաղաքականության կոչ ենք անում, որպեսզի կանխենք բարձր մակարդակի հանդիպումները ազատ, ժողովրդավարական կառավարությունների և անօրինական ռեժիմի միջև, քանի դեռ վերջինս չի համաձայնել նոր ընտրությունների անցկացմանը, որոնք պատշաճ կերպով վերահսկվեն», — ասված է համատեղ հայտարարության մեջ։

Բացի այդ, արևմտյան քաղաքական գործիչները կոչ են անում ընդհանուր պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի ռեժիմի, «Վրացական երազանք»-ի առաջնորդների և քարոզիչների դեմ, որոնք խարխլում են Վրաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը:

Եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներն ասում են նաև, որ «Վրացական երազանք»-ն անտեսել է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության և միջազգային դիտորդների «օրինական մտահոգությունները»: