Ընտրություններին մասնակցել է «Միասնություն-ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։ Քվեարկելուց հետո նա ասել է․
«Ես մերժեցի երկրի մեկուսացումը. վստահ եմ, որ այս դժվարին պահին Վրաստանը միասնական կլինի, և երեկոյան բոլորս կնշենք մեծ հաղթանակը»։
Նա քաղաքացիներին հորդորել է առավելագույն ակտիվությամբ մասնակցել ընտրություններին։
«Կարծում եմ, բոլորս աջակցում ենք դեպի Եվրոպա առաջընթացին, մեր բարգավաճմանը Եվրոպայում։ Վրաստանը մեծ հեռանկար ունի, և ես ուզում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին, հայրենակիցներին ասել, որ այսօր վճռորոշ օր է, որոշվելու է, թե հաջորդ տասնամյակներում ինչպիսին կլինի Վրաստանը, և ինչպիսի երկրում կապրենք մենք։ Ուստի խնդրում եմ բոլորին, գնացեք ընտրությունների, մասնակցեք, մեզ պետք է առավելագույն ակտիվություն, որպեսզի անխտիր բոլորը տեսնեն մեր մեծ հեռանկարը», — ասել է Վաշաձեն։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։