Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և վարչապետ Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ գոհ է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ներքին ընտրությունների արդյունքներից և այդ ընտրություններից հետո կուսակցության գործունեությունից։
Փետրվարի 12-ին, ՄԱՇ անդամ Պետրե Ցիսկաշվիլիի հետ, Մերաբիշվիլին հարցազրույց է տվել ФЕЙГИН LIVE յութուբյան ալիքին։
Մերաբիշվիլին ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը հետզհետե վատթարանում է, իսկ Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում մտափոխվել։ Ըստ Մերաբիշվիլիի՝ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին իր հակառակորդների նկատմամբ մի գործելաոճ ունի. այդ հակառակորդները կամ պետք է լինեն բանտում, կամ՝ արտերկրում։
Անդրադառնալով ՄԱՇ-ին՝ Մերաբիշվիլին նշել է, որ 10 օր առաջ կուսակցությունում ընտրություններ են տեղի ունեցել, և դա եզակի դեպք էր, երբ ընտրություններն անցկացվել են էլեկտրոնային եղանակով:
«Մեր կուսակցության ղեկավարության դեմ ուղղված հիմնական բողոքը պասիվությունն էր, Սաակաշվիլիի պաշտպանության անբավարար գործողությունները։
Մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցան ներկուսակցական ընտրություններ, և ես շատ գոհ եմ, որ ողջ Վրաստանով մեկ անցկացվում են հանրահավաքներ՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի։ Վստահ եմ, որ ՄԱՇ-ի նոր ղեկավարությունը կհասնի այնպիսի արդյունքի, որ մի քանի ամսից Վրաստանում իրավիճակը կփոխվի»,- ասել է Մերաբիշվիլին:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Մերաբիշվիլիի հրապարակային ելույթը մեծ նվեր է իշխող թիմին։ Ըստ Կալաձեի՝ ցանկացած իշխող կուսակցություն կկարոտեր ընդդիմության այն տեսակին, որը ներկայացնում են ՄԱՇ կուսակցության նորընտիր նախագահ Լևան Խաբեիշվիլին և Վանո Մերաբիշվիլին: