«Երեկ եմ հանդիպել Վանո Մերաբիշվիլիի հետ և նրա վիճակը բավարար է»,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Օթար Կախիձեն:
Նա ասել է, որ հաճախ է այցելում Վանո Մերաբիշվիլիին և նրա հետ ինտենսիվ շփում ունի: Կախիձեն նկատել է, որ ՆԳ նախկին նախարար, նախկին վարչապետ Մերաբիշվիլին ազատ կարձակվի 2020 թվականի փետրվարի 20-ին:
Հարցին, թե եղել է խոսակցություն Մերաբիշվիլիի ապագա քաղաքական ծրագրերի մասին, Կախիձեն պատասխանել է, որ հիմա տեղին չէ այդ թեմայի շուրջ խոսակցությունները, սակայն ազատ արձակվելուց հետո Վանո Մերաբիշվիլին անձամբ հայտարարություն կանի այդ մասին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մերաբիշվիլիի պաշտպան Գիորգի Չիվիաշվիլին հայտարարել էր, որ քրեակատարողական հիմնարկը լքելուց հետո նա մասնակցելու է քաղաքական գործընթացներին, սակայն այս փուլում դեռ հայտնի չէ, որ քաղաքական կուսակցությանը կմիանա:
Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է 2013 թվականի մայիսին: Նա պատիժ է կրում մի քանի գործով, այդ թվում 2011 թվականի մայիսի 26-ի ակցիան ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով ապացույցներ թաքցնելու, ընտրողներին կաշառելու փաստերով:
Մերաբիշվիլին դատապարտված է 6 տարի 9 ամիս ազատազրկման: