Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար գործող «Մեր վրաց լեզուն» նախագծի շրջանակներում իրականացված ոչ վրացալեզու դպրոցների 10-րդ դասարանցիների օլիմպիադայում հաղթող ճանաչված 3 աշակերտներից 2-ը ազգությամբ հայ են, իսկ 1-ը՝ ադրբեջանցի։ Ազգությամբ հայ հաղթողները «Ալիք մեդիայի» հետ զրույցում կարևորել են վրաց լեզվի իմացությունը և իրականացնում են տարբեր նախաձեռնություններ՝ ամրապնդելու իրենց և իրենց շրջապատող անձանց գիտելիքները։
Օլիմպիադան անցկացվել է ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների 10-րդ դասարանի աշակերտների շրջանում, 1 փուլով, հեռավար տարբերակով, հարցազրույցի միջոցով։ Աշակերտներին հարցեր են ուղղվել տարբեր թեմաներով՝ ստուգելու խոսակցական վրացերենի իմացությունը, ինչպե նաև տարբեր հարցերի միջոցով ճշտել են քերականական գիտելիքները։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բորժոմիի շրջանի Բալանթա գյուղի հանրային դպրոցի աշակերտուհի Թամարա Միկոյանը, երկրորդ տեղում է Ախալքալաքի շրջանի Կոչիո գյուղի հանրային դպրոցի աշակերտուհի Արևիկ Բալասանյանը, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Մառնեուլիի շրջանի Կասումլո գյուղի հանրային դպրոցի աշակերտուհի Գուլսար Տագիևան։
1-ին տեղը զբաղեցրած 15-ամյա Թամարա Միկոյանը լավ է տիրապետում պետական լեզվին և շատ է կարևորում դրա իմացությունը․
«Օլիմպիադային մասնակցելու և հաղթելու իմ մոտիվացիայի հիմնական աղբյուրը վրաց լեզվի հանդեպ սերն էր։ Տեսնելով օլիմպիադայի մասին հայտարարությունը՝ գրանցվեցի և շատ ուրախ էի, քանի որ հնարավորություն ունեի ցույց տալ գիտելիքներս»։
Թամարան վրացերեն սովորել է դպրոցում, ինքնուսուցմամբ՝ դեռևս փոքր տարիքից․
«Փոքր տարիքից սկսել եմ ուսումնասիրել վրացերենը, դպրոցում սովորել եմ առավելագույնը լավ արդյունքի հասնելու համար, քանի որ օտար լեզուների հանդեպ սեր ունեմ, զբաղվել եմ ինքնակրթությամբ։ Կարող եմ նշել, որ լեզվի ուսուցման և հաջողություններիս մեջ իրենց ներդրումն ունեն նաև ուսուցիչներս»։
Աշակերտուհին նշում է, որ մայրենի (հայերեն) ու պետական (վրացերեն) լեզուներից բացի նաև լավ է տիրապետում անգլերենին և այժմ ուսումնասիրում է ռուսաց լեզուն։
2-րդ հորիզոնականը զբաղեցրած աշակերտուհին 16-ամյա Արևիկ Բալասանյանն է։ Նա ևս մեծ հետաքրքրությամբ է սովորում վրացերենը։
«Իմ կարծիքով շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու պետական լեզվի իմացությունը,ըստ այդմ՝ միշտ ձգտել եմ սովորել այն, այս օլիմպիադայի միջոցով փորձեցի գիտելիքներս և հասկացա որ ջանքերս զուր չէին» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Բալասանյանը։
«Վրացերեն սկսել եմ սովորել 2-րդ դասարանից, երբ մեր դպրոց եկավ վրացի ուսուցչուհի, ով արտաժամյա պարապմունքներ էր անցկացնում` խթանելով վրացերեն սովորելու մեր ցանկությունը, հետզհետե մենք էլ սկսեցինք հետաքրքրվել լեզվով։ Այնուհետև մենք սկսեցինք նոր նախաձեռնություններ, ինչպես օրինակ գյուղերում վրացերենի մրցույթներ անցկացնել և այլն»։
Աղջիկը նշում է, որ նման ծրագրերի մասնակցելով՝ մեծացել է նրա հետաքրքրությունը վրացերենն ուսումնասիրելու և այն սովորեցնելու այլ մարդկանց։
«Երբ սկսվեցին հեռավար դասերը, առաջ եկան հեռավար դասընթացներ, ծրագրեր, նախագծեր, սկսեցի ավելի ակտիվորեն ներգրավվել և բարելավել վրաց լեզվի իմացությունս։ Հենց այդպես էլ գտա այս օլիմպիադան, գրանցվեցի, մասնակցեցի և շաբաթներ անց զանգեցին, ասացին, որ հաղթել եմ»։
Բալասանյանը շատ ծրագրերի ակտիվ մասնակցելուց բացի նաև նախաձեռնում է նորերը․ ինչպես նշում է՝ ընկերների հետ հիմնել է հեռավար կամավորական ուսուցման ծրագիր, որը գործում է ֆեյսբուքյան էջի միջոցով։
«Երկլեզու՝ վրացերեն և հայերեն հարթակ ստեղծեցինք ընկերներիս հետ, որի միջոցով հայերին վրացերեն ենք սովորեցնում, վրացիներին՝ հայերեն։ Որքան էլ դժվար է պատկերացնել՝ և՛ այս, և՛ այն դեպքում հետաքրքրված անձինք շատ են»։
Նշենք, որ «Մեր վրաց լեզուն» նախագիծն իրականցվում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության կողմից։ Ծրագրի շրջանակներում հրապարկվում են վրաց լեզվի և գրականության ուսուցողական տեսահոլովակներ, անցկացվում մրցույթներ և այլն։