Մեր ռազմավարական նպատակը մի՛ վերածեք «Մոլոտովի կոկտեյլի». Բոճորիշվիլի

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Մակա Բոճորիշվիլին, որ միաժամանակ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահն է, քննադատում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին և ակտիվիստներին` ասելով, որ նրանք օգտագործում են եվրաինտեգրման հարցը որպես կառավարության դեմ պայքարի գործիք։

«Քաղաքական գործիչների և ակտիվիստների մի մասի կողմից Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու հարցը որպես իշխանության համար պայքարի գործիք օգտագործելը ավարտ չունի: Վրաստանի ռազմավարական նպատակը, որը մենք 2018 թվականին ամրապնդեցինք Սահմանադրության 78-րդ հոդվածով, և որին կողմ է բնակչության ավելի քան 80 տոկոսը, պետք է համախմբի եվրոպական գաղափարի շուրջ, ոչ թե վերածի «Մոլոտովի կոկտեյլի», — ասել է Մակա Բոճորիշվիլին։

Հիշեցնենք՝ Վրաստանում, հատկապես Թբիլիսիում, խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի առաջին ընթերցումից հետո՝ մարտի 7-8-9-ին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Օրենքը նախատեսում էր Վրաստանում ստեղծել օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները պարտավորվելու էին գրանցվել: Հրաժարվելու դեպքում՝ նրանց գրանցելու էին մեխանիկորեն, այնուհետև տուգանելու էին 25 հազար լարիով, իսկ տուգանքը չվճարելու դեպքում՝ ևս տասը հազարով: Այս տուգանքը չվճարելու դեպքում կազմակերպության բոլոր հաշվեհամարները արգելափակվելու էին: Բողոքի ցույցերի արդյունքում օրենքի նախագիծը տապալվեց։

Մարտի 7-8-9-յան իրադարձությունների ժամանակ «Մոլոտովի կոկտեյլ» նետելու և ոստիկանական մեքենան այրելու փորձ կատարելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել։