Մեր նպատակն է նպաստել «3+3» ձևաչափի աշխատանքին. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում գոյություն ունեցող և ձևավորվող բազմակողմ բանակցային ձևաչափերին:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ժնևում միջազգային բանակցությունների շրջանակներում շարունակել կառուցողական փոխգործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցում, ինչը կապահովի Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուղիղ ու հավասար երկխոսությունը:

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանի նպատակն է նպաստել «3+3» տարածաշրջանային ձևաչափի աշխատանքին, որը համարվում է օգտակար և նպատակային հարթակ։

«Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ, ի շահ տարածաշրջանային խաղացողների, համագործակցության ամրապնդման գործնական հարցերի վրա, մենք համարում ենք օգտակար և ժամանակին»,- ասել է Լավրովը։

Ի դեպ, «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի գաղափարն առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և ենթադրում է առևտրատնտեսական համագործակցություն և հարաբերությունների խորացում կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և երեք տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։