Ջավախքում երբեք առաջին ձյանը երկար չենք սպասել, երբեմն նույնիսկ դեկտեմբերին չենք սպասել ձյան մեջ թավալվելու ու խաղալու համար: Պատահում էր, որ ձյունը նոյեմբեր ամսին էր գալիս: Մինչ մեծերը մտահոգված վառելիքի ու մեզ տաքացնելու մասին էին մտածում, մենք վառարանի ջերմությունը թողնում վազում էինք դուրս, պառկում ձների մեջ, թավալվում, իրար ձնագուլուլ անում, ներս վազում մի քանի րոպեով տաքանալու, հետո նորից դուրս վազում:
Ձմեռը մորս ամենաչսիրած եղանակն է, ոչ թե որովհետև ցուրտ է, այլ որովհետև վախենում էր, որ կհիվանադանանք: Գիտեր, որ մեր բոլոր չարաճճի խաղերին գումարվում էր դրսի ցուրտն ու ձյան սառնությունը: Հայրս, ընդհակառակը, առաջին ձյան հետ մեզ հետ դուրս էր գալիս, երբեմն ոտաբոբիկ, երկար չէր կարողանում կանգնել, ներս էր վազում, տաք-տաք հագնվում ու բահը ձեռքին վերադառնում: Ու մենք բոլորս՝ հայրս, երկու քույրերս ու եղբայրս սկսում էինք այդ տարվա առաջին ձնեմարդը պատրաստել:
Հայրս այնքան բարձրահասակ ու շքեղ ձնեմարդ էր պատրաստում, որ մենք երկար ժամանակ հպարտանում էինք դրա տեսքով ու հմայքով: Մեր բոլոր ընկերներին կանչում էինք, ցույց էինք տալիս ու ասում, որ ամենամեծ ձնեմարդը մերն է: Հետո պարծենում, որ ամբողջ թաղում, ու երևի թե ամբողջ գյուղում, միայն հայրս էր, որ մեզ ուրախացնելու համար մեզ հետ հավասար ձների մեջ թավալ էր գալիս, ձնագնդիկ էր խաղում ու ձնեմարդ պատրաստում:
Բայց մեր ձեռքից այդքան հեշտ չէր ազատվում: Բոլորս միաձայն սահնակ էինք ուզում, գնել չէր կարող, փոխարենը երկու կտոր փայտից ավելի մեծ ու հարմար սահնակ էր պատրաստում: Մայրս հետը կռիվ էր անում. –Վերջ, հիմա ընդհանրապես տուն չեն գա, էս ցրտին ախր կարելի՞ է ամբողջ օրը դրսում խաղալ:
Եվ իսկապես շատ ցուրտ էր, լեռներում ձմռան շունչն ավելի մոտիկից ես զգում՝ սառը օդն ավելի սառն ու կոկորդ քերող է, քան սովորաբար լինում է: Բոլորի քթերն ու այտերը սովորականից ավելի շատ են կարմրում, ձյունը սովորականից ավելի է աչք կուրացնում, Արևն էլ սովորականից ավելի հեռու ու գրավիչ է թվում:
Հետո մի ամբողջ օր նոր սահնակով խաղում էինք բոլոր հնարավոր դիք ու թեք տարածություններում: Հարևանները երբեմն կռիվ էին անում, թե ճանապարհն ամբողջությամբ սառույց ենք դարձրել, մենք էլ պատասխանում էինք, որ կարող են սահնակով անցնել ճանապարհի այդ հատվածը, դժվար բան չի:
Երբեմն աննկատ, մի քանի անգամ տուն էինք գալիս, մի թեթև տաքանում, նորից ծլկում խաղալու: Ձեռնոցներն արդեն ոչ թե տաքացնում, այլ սառույցի տեսքով մատներին էին կպնում: Դրանք փոխարինում էինք մեր ու հետո նաև հորս գուլպաներով, մինչև ամբողջ տեսականին սառած վիճակում փռում էինք վառարանի տակ՝ չորացնում նորից դուրս վազելու համար: Մորս համբերությունը սպառվում էր: Սպառնում էր, որ եթե առաջին օրով այդքան խաղանք, ամբողջ ձմեռ կարգելի դուրս գալ: Մենք էլ սուսուփուս տուն էինք գալիս, տատիս պատրաստած վարդի մուրաբայով թեյ էինք խմում ու հավաքվում վառարանի մոտ:
-Հը՞ն, լավ խաղացի՞ք, — հարցնում էր հայրս:
Պատասխանը ժպիտի տեսքով մեր դեմքերին էր դաջվում, հետո տատս վառարանի դուխովկայում (մենք էդպես էինք ասում) կարտոֆիլ էր խորովում, բոլորով ուտում էինք, ասում, խոսում, ուրախանում: Հայրս մեր հրաշալի օրվա հրաշալի ավարտի համար սկսում էր իր հետաքրքիր ու ծիծաղաշարժ պատմությունները:
‹‹Էս ինչ ձյունա որ, գիտեք ինչ առատ ձյուն էր գալիս 90-ականներին: Մի տարի էնքան առատ ձյուն էկավ, որ առավոտյան դռները բացել չկարողացանք, անասունները երկու օր խոտի երես չտեսան, մենք էլ տներում՝ վառարանների մոտ երկու օր կուչ եկանք, մինչև ձյունը նահանջեց, — իր զրնգան ու վարակիչ ծիծաղով սկսում է հաջորդ պատմությունը, —Էդ նույն տարին, նույն առատ ձյան պատճառով հարսանիքը գյուղում առանց հարսի արեցին: Հարսի ու փեսայի փոխարեն տղայի հերն ու մերն առաջ եկան, է ճարներն ի՞նչ, մարդիկ ծախսն արդեն արել էին, հո չէին թողնելու ջուրը լցվեր: Հարսի հետևից միայն երկու օր հետո կարողացան գնալ: Էդ հարսին էդպես էլ, ոչ մեկ հարսի շորով չտեսավ: Այ էսպիսի պատմական ձմեռներ ենք ունեցել››:
Խորոված կարտոֆիլը, հետաքրքիր ու բարի հարազատներով շրջապատված լինելն ու, իհարկե, մեր բակի ամենամեծ ու ‹‹տնգոզ››, ինչպես կասեր հայրս, ձմեռ պապն ապահովում էին մեր երջանիկ ու անհոգ մանկությունը:
Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)
«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։