Բաթումիում ընթացող պաշտպանության և անվտանգության համաժողովում ակտիվորեն քննարկվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ինտեգրման գործընթացում Վրաստանի գրանցած առաջընթացը, անդամակցության հեռանկարները, հիբրիդային սպառնալիքները և այլ կարևոր հարցեր:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պուգլիսը արձագանքելով Ռասմուսենի «Վրաստանի հնարավոր անդամագրումը ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի» մասին հայտարարությանը, ասել է, որ դա առանձին փորձագետների գնահատականն է, ՆԱՏՕ-ն և Վրաստանը հատուկ օրակարգ ունեն:
«Դա շատ հետաքրքիր բանավեճ է: Կարծում եմ, որ վրաց փորձագետների համար կարևոր է մտածել այն մասին, թե ինչպես կարելի է արագացնել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Մենք բարձր ենք գնահատում և գիտակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը նշանակում է, որ մենք դիտարկում ենք Վրաստանը Աբխազիայի և Օսիայի հետ», — ասել է Պուգլիսը: