
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Նիդերլանդներում ունեցած պաշտոնական այցի շրջանակներում ասել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք հանգեցնում են ռազմական դժվարությունների, և որպես օրինակ ընդգծել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական հակամարտությունը»։
«Մենք ստիպված ենք ապրել փոփոխվող աշխարհում։ Փոփոխությունները առաջացնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, կլիմայական և ռազմական դժվարություններ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական հակամարտությունը և այլ մարտահրավերներ դրա վառ օրինակն են։
Վերոնշյալ փոփոխությունների պայմաններում Վրաստանը կառավարում և պահպանում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Խոսելով Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարի մասին` նա ասել է․ «Վրաստանն արդեն որդեգրել է եվրոպական հեռանկարը ԵՄ ինտեգրման ճանապարհին, և նրա եվրոպական ապագայի հետ կապված այլևս հարցեր չկան։ Վրաստանը հաստատապես պատկանում է Եվրոպային»։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի այցը Նիդերլանդների Թագավորություն սկսվել է դեկտեմբերի 5-ին։