Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Հելսինկիում հանդիպել է իր նախկին կուսակից, այժմ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավայի հետ:
Հանդիպմանը Սաակաշվիլին հայտարարել, թե «բոլորը հասկացել են, որ մենք մի ընտանիք ենք»: Հիշեցնենք, որ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ձևավորվեց «Միացյալ ազգային շարժման» կուսակցությունից հեռացած մի շարք անկյունաքարային գործիչների կողմից:
«Կարևոր է, որ հանդիպումը կայանում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարի շրջանակներում, քանի որ ԵԺԿ-ն որոշիչ դեր է խաղացել «Միացյալ ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստան»-ի ձևավորման գործում: Գիգի Ուգուլավային շնորհակալություն հայտնեցի իր դիրքորոշման համար: Սա նոր քաղաքական մշակույթ է»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նշենք, որ «Եվրոպական Վրաստան»-ը ընտրությունների երկրորդ փուլում աջակցում է «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վաշաձեին: