
«Մենք լիովին աջակցում ենք մեր թիմակից Հենզել Մկոյանին»,- անդրադառնալով Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպին, ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Նա շեշտել է, որ «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին բարձր արդյունք է գրանցել Ախալքալաքիում և Նինոծմինդայում, ինչը մտահոգել է «Միացյալ ազգային շարժման» անդամներին:
«ՄԱՇ-ի անդամները սխալ մեթոդներ են կիրառել: Արդյունքը Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպն է: Մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնում Հենզել Մկոյանին: Իհարկե, կհոգանք այն մասին, որ ևս մեկ անգամ բարձր արդյունք ունենանք Ախալքալաքիում և Նինոծմինդայում: Հենզել Մկոյանը մեր թիմի արժանի անդամն է»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով, Ախալքալաքիում, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները սադրիչ գործողություններ են իրականացրել:
«Վստահ ենք՝ բոլոր հարցերին պատասխան կտա հետաքննությունը: Սակայն մեր տեղեկատվությամբ, որը հաստատվում է, վիճաբանությունը սկսել է հենց «Միացյալ ազգային շարժումը»: Նրանք սադրանքը սկսել են տեղի բենզալցակայաններից մեկում: Մենք ՄԱՇ-ի անդամներին կոչ ենք անում զերծ մնալ սադրանքներից, այլապես դրանք օրենքի շրջանակներում խիստ արձագանքի կարժանանան»,- ասել է Կոբախիձեն: