Այնտեղ, ուր ես եմ ապրում, հայերենը կենսակերպ է: Հողն ու ջուրը միայն հայերեն են խոսում ու հասկանում, հայերեն են լռում, հայերեն տխրում, ուրախանում…
Մարդիկ այստեղ ոչ թե կռիվ են տալիս այլ սիրում ու խնամքով հղկում են հողը, որն էլ իր հերթին կերակրում է տեղացիներին (կարտոֆիլը վկա):
Գարնան հոտը մենք միայն ամռանն ենք զգում: Մի զարմացեք, իմ հայրենիքում տարվա բոլոր եղանակներին ցուրտ է, օգոստոսը երբեմն-երբեմն բարեխիղճ է գտնվում և մենք ստանում ենք մեր բաժին Դ վիտամինը: Այնտեղ բոլորս արթնանում ենք վաղ առավոտյան, չենք կարող երկար քնել, բնության երգն ու երաժշտությունը՝ թռչունների դայլայլն ու քամու պատուհանին թակոցները չեն թողնում քնել… Օրերն այնտեղ երկար են թվում ու ասես 24 ժամվա մեջ րոպեններն ու վայրկյաններն ավելի խիտ են: Գիտեմ, մաթեմատիկորեն սա հնարավոր չէ, բայց ճիշտ եմ ասում…
Երևի ժամանակն է, որ հստակեցնեմ, այնտեղ որտե՞ղ. Ջավախքում…
Այնտեղ ուրիշ քամիներ են փչում, այնտեղ ուրիշ ծաղիկներ են աճում, մանկությունն այնտեղ մանդարինի հոտ ունի, իսկ պատանեկությունը՝ յասամանի…
Հիմա կասեք, այդ ո՞նց: Ասեմ, ուրեմն, Ջավախքը կամ Սամցխե-Ջավախքը Վրաստանի նահանգներից մեկն է, որը բնակեցված է հիմնականում հայերով: Անցնենք մանդարիններին: Վրաստանում են աճում ամենահյութեղ ու ամենահամով մանդարինները: Մանկությունս էլ այդ հոտով էր լցված…
Մայրիկիս համար դժվար էր, չորս երեխա էր մեծացնում՝ տարի երեք, տարի վեց ամիս տարիքային տարբերությամբ: Ես այդ քառյակում երկրորդն եմ. ամենաըմբոստը, չարաճճին ու շատախոսը, ըստ այդմ էլ, ամենաշատ քոթակ վաստակածը:
Գյուղում, որտեղ մենք էինք ապրում, զբաղմունք չկար, կամ գոնե երեխաների համար ոչ մի զբաղմունք չկար: Մենք էլ ամբողջ օրը ցեխերի մեջ խաղում էինք, կռվում, նորից բարիշում ու էլի մինչև կեսգիշեր խաղում: Մեծերն էլ հողն էին մշակում, կարտոֆիլ ու հացահատիկ ցանում, որ մեր և իրենց գոյությունը պահեն: Տեսարանը ստիպում էր, որ երեխա ձևանայինք ու ցեխերի մեջ անվերջ խաղայինք, մութն ընկնելուն պես գողության գնայինք, բռնվեինք, բայց նորից գնայինք:
Մեր հարևանը շատ լավ բոստան էր մշակում, հատկապես գազարը շատ համեղ էր: Հա, իսկ մեր բոստանինը հաստատ մինչ այդ արդեն գողացել կամ լույս աչքով քաղել կերել էինք, հերթը հասել էր հարևանին: Մայրս մեզ անվերջ նախատում էր. «աղջիկ երեխա եք, չե՞ք ամաչում, Ամալի երկու տղեքը ձեզանից հարյուր գլուխ խելոք են: Իմ բախտն ասա էլի, նրանը տղա են, իմը՝ աղջիկ», ու այսպես շարունակ օրինակներով ինձ ու փոքր քրոջս բացատրում էր, որ մենք ինչ-որ բան չպետք է անենք, քանի որ աղջիկ ենք, քանի որ ծնվել ենք ավանդապահ ընտանիքում, ամոթ ա վերջապես:
Բայց չէ, մենք հո լավ գիտեինք մանկությունը մութ ու անգույն գյուղում գունավոր ու լուսավոր դարձնելու ձևերը: Օր օրի մեծանում էինք, մայրս հույսով սպասում էր, որ օրինակ կվերցնենք մեր մեծ քրոջից՝ Մարինեից ու մենք էլ մեզ հավաք կպահենք, էլ չենք գնա խաղալու կամ ավելի ճիշտ ինչ-որ մի չարաճճիություն անելու…
Ի միջի այլոց, մայրս միակը չէր, որ պայքարում էր իմ ու քրոջս ‹‹անկարգությունների›› դեմ: Նրան միշտ իր խրատներով միանում էր տատս, ում բոլորս շա՜տ-շա՜տ ենք սիրում: Խոսում էր, խոսում, բացատրում հետո հոգնում էր, բացասաբար ձեռքը թափ տալիս ու ասում. «սևին սապոնն ինչ անի, խևին խրատն ինչ անի: Ձեր հետ անօգուտ ա, մեկա դուք խելքի չեք գալու»:
Եվ իսկապես, մենք լի էինք կյանքով, էներգիայով ու անսպառ նորարական գաղափարներով, որոնք չգիտեինք ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ իրագործենք:
Ի դեպ, չորրորդ երեխային՝ եղբորս մոռացա: Սարգիսը, որին բոլորս Սաքո կամ Սաք էինք դիմում, շատ համառ էր, բայց համեմատաբար ավելի խելոք:
Ամեն մի ստից բանի համար կռվում էինք, քաշքշում իրար, երբեմն էլ նույնիսկ խփում կամ ծեծում: Դե հա, բոլորն ասում են, որ մենք՝ լեռների մարդիկ կոպիտ ենք՝ բնությունն ու միջավայրն են մեզ այդպես դարձնում: Իսկ ես կարծում եմ, որ մենք՝ լեռների մարդիկ, մեր լեռների պես զուսպ ենք, անվախ ու ընկերասեր. ձեռք ձեռքի տված ապրում ենք, պաշտպանում, հոգ տանում միմյանց մասին, դե մեկ-մեկ էլ կռվում…
Հիմա կհարցնեք, բա ո՞ւր է տան տղամարդը: Հայրս տարվա մեծ մասը տանը չէր անցկացնում՝ արտագնա աշխատանքի էր մեկնում, կամ ինչպես մենք ենք ասում խոպան էր գնում: Նրա բացակայությանը սովորել էինք, իսկ ներկայությանը դժվարությամբ էինք վարժվում: Մինչև ընտելանում էինք, նորից գնալու ժամանակն էր գալիս: Կարելի է ասել հայրս մեր մանկության մեծ մասը բաց է թողել, կամ մեր մեծանալուն ականատես չի եղել, բայց ինչ արած, Ջավախքում շատերն են այս ճանապարհով ընտանիք պահում: Իսկ ճանապարհը հեռու է, մինչև Մոսկվա, Տյումեն, Չելյաբինսկ, երբեմն ավելի երկար ու հեռու:
Այս ամենը տեսնելով փորձում էինք պարզապես փոքր ձևանալ, բայց տարիները հո անցնում են, իսկ մենք չենք ուզում մեր ծնողների նման միայնության ճանապարհով գնալ այդքան հեռու, չէինք ուզում առատ ջրերի պաշար ունենալով անվերջ ձեռքով ջուր կրել, չէինք ուզում հող մշակել, բայց սնվել էինք ուզում, ապրել, ծիծաղել: Դե ուրեմն պետք էր մեծանալ, կամ փոքր չձևանալ: Իսկ մեծանալու տարիքը առավելագույնը 12 էր: Դրանից հետո բոլորը սկսում էին ծնողների հետ հավասար աշխատել, աղբյուրից ջուր կրել, հող մշակել, անասուններին արածելու տանել ու շահել միայն ու միայն հոգնածություն: Բնության մեծագույն պարգևը, բարի ու արտասովոր մարդիկ էին, որոնցով շրջապատված էինք: Այնտեղ հարևանների միջև իմը և քոնը չկար: Թոնիրով լավաշ էինք թխում, հոտը տարածվում էր ամբողջ թաղով մեկ, հարևանը թել պանիրը ձեռքը գալիս էր, տաք լավաշն ու պանիրն էինք վայելում, հետո քույրերով կռվում, թե մեզանից ո՞վ է սուրճը եփելու: Մեծ քույրս, որպես կանոն, իրեն միշտ ծանր ու մեծավարի էր պահում, ինձ ու փոքրին էլ աշխատացնում էր ձեռքի հետ: Մենք էլ փնթփնթալով, բայց անում էինք տան գործերը, հետո գնում էինք աղբյուր ջուր էինք բերում ու ամբողջ օրը փնթփնթում, որ խնայողաբար օգտագործեն: Երբ տնից, տնեցիներից ու գործերից հոգնում էինք, բարձրանում էինք երդիկ (հողաշեն տանիք՝ առանց կտուրի, հանդիպում է հիմնականում Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերում, ինչպիսին մերն էր) պառկում՝ քամու երգն էինք լսում, քամին էլ մեղմ շոյում էր մազերս, բայց իր հետ փոշի էր բերում: Երկար չանցած աչքներս կկոծած տուն էինք վազում: Բայց միևնույն է, մի տեսակ խաղաղվում էինք, մեզ վրա հանգստություն ու ներդաշնակություն էր տարածվում: Գալիս էինք տուն ու առանց ծպտուն հանելու անցնում մեր ամենօրյա գործերին ու պարտականություններին, իսկ դրանք շատ էին: Խաղի մասին արդեն երազում էինք, գողության էլ էլ չէինք գնում, փոխարենը օգնում էինք նաև այն հարևաններին, որոնց բոստաններին ժամանակին վնաս էինք հասցրել:
Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)
«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։