
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բելգիայի Լիեժ քաղաքում ազգությամբ վրացի էմիգրանտների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ միասին կվերադառնան հայրենիք։ Սաակաշվիլին նշել է, սակայն, դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել՝ իրավիճակը փոխել։
«Իհարկե, մենք կգնանք Վրաստան, սակայն ուզում եմ հարցնել, եթե վաղը բոլորս միասին գնանք, արդյոք իրավիճակը պատրաստ է: Այսօր դրա համար դեռևս պայմաններ չկան, սակայն առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում պետք է դրանք ստեղծենք: Չենք կարող այստեղից նայել, թե ոնց են երկիրդ ավերում։ Չենք կարող հանգիստ նայել, թե ոնց են քո ծնած ու մեծացրած երեխային անողոք սպանում: Ամեն օր մեզնից խլում են Վրաստանի մի մասը»,- դահլիճում հավաքված վրացիներին ասել է Սաակաշվիլին:
Նկատենք, որ Բելգիայում Սաակաշվիլիի կազմակերպած հանդիպմանը ընդհարում է տեղի ունեցել Վրաստանի ներկա ու նախկին իշխանությունների աջակիցների միջև։