Վրաստանյան «Մենք» («Չվեն») ընդդիմադիր կուսակցությունը լքել են երեք առաջնորդներ՝ Դավիթ Քացարավան, Ակիա Բարբակաձեն և Կախա Գոգիձեն։ Այդ մասին Քացարավան գրել է Facebook-ում։
«Ելնելով այն իրողությունից, որ ներկա քաղաքական իրադարձությունները, նախընտրական արշավի ձևը և դրանում մեր փոքր միավորման ներգրավվածության ռազմավարական տեսլականները և ամենակարևորը՝ դեպի ցանկալի նպատակին ձգտելու մեթոդները չէին կարող և չեն համընկել միմյանց հետ, մենք երեքով որոշեցինք դուրս գալ «Մենք» քաղաքական միավորումից և ավտորիտար ռեժիմի դեմ պայքարը շարունակել կուսակցությունից դուրս»,- գրել է Քացարավան։
Նշենք, որ օգոստոսի 23-ին Քացարավան իր համախոհների հետ հայտարարել էր «Մենք»-ի հիմնադրման մասին։ Քացարավան «Հակաօկուպացիոն շարժում»-ի առաջնորդն էր:
««Մենք»-ը քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրել են մարդիկ, որոնք միշտ պայքարում են և պայքարելու են հանուն Վրաստանի»,- օգոստոսի 23-ին հայտարարել էր Քացարավան։
Ուշագրավ է, որ «Հակաօկուպացիոն շարժում»-ի առաջնորդ Դավիթ Քացարավայի «Մենք» կուսակցությունը և Տարիել Նակաիձեի «Շրջանները Վրաստանի համար» քաղաքական շարժումը միավորվել էին:
Հիշեցնենք. խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 5 տոկոսի շեմը։