«Մենք»-ը և «Շրջանները Վրաստանի համար»-ը միավորվել են

«Հակաօկուպացիոն շարժում»-ի առաջնորդ Դավիթ Քացարավայի «Մենք» («Չվեն») կուսակցությունը և Տարիել Նակաիձեի «Շրջանները Վրաստանի համար» քաղաքական շարժումը միավորվել են։ Միավորման մասին Քացարավան և Նակաիձեն հայտարարել են համատեղ ճեպազրույցում։

«Մեզ համար մեծ պատիվ է միանալ «Շրջանները Վրաստանի համար» քաղաքական շարժմանը, հասարակության մեծ մասի կողմից մեծ հարգանք վայելող պարոն Տարիել Նակաիձեին, որն աչքի է ընկնում և հանրաճանաչ է էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների խմբերի հետ աշխատելու իր փորձով», — ասել է Քացարավան։

Նակաիձեն իր հերթին ասել է. «Դավիթ Քացարավայի կուսակցության հետ հարաբերությունները, համատեղ ընտրարշավը, հետո նրանց հետ ընտրություններին մասնակցելը շատ կարևոր է, կարծում եմ՝ այս ուղղությամբ շատ լուրջ սիներգիա կստեղծենք»:

Նշենք, որ Քացարավան «Մենք» կուսակցությունը հիմնել է այս տարվա օգոստոսի 12-ին: