Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ իրենք չեն հայտարարի հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին, թեև պնդում են, որ իրենց շատ մտահոգում են Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունները։
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին «Ռադիո Թավիսուփլեբա» լրատվամիջոցի հարցին դեսպանատունը պատասխանել է.
«Մենք չենք հայտարարում հնարավոր պատժամիջոցների մասին և ոչինչ չունենք հայտարարելու: Մենք ընդգծում ենք, որ ԱՄՆ-ին խիստ անհանգստացնում են Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունները, ապատեղեկատվությունը և բացասական հռետորաբանությունն ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ։ Ինչպես ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մեր երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայումը կշարունակվի՝ ի պատասխան կառավարության գործողությունների։ Մենք միշտ մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները»,- ասված է դեսպանատան մամուլի խոսնակի անունից ստացված պատասխանում։
Սեպտեմբերի 20-ին «Ամերիկայի ձայն»-ը մի քանի իրազեկ աղբյուրների հիման վրա հայտնել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է մշակել Բիձինա Իվանիշվիլիի դեմ և քննարկում է դրանք մոտ ապագայում կիրառման հարցը։