Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի ձերբակալման հատուկ գործողության հետ կապված արդեն հայտարարություններ են անում և՛ վրաստանյան, և՛ արևմտյան քաղաքական գործիչները:
Թվիթերի իր էջում Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին կիսվել է օրվա լուսանկարներով ու գրել. «Շատ տխուր օր Վրաստանում»։
Թվիթերում գրառում է արել նաև Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Կալինդրան։
«Հանուն Վրաստանի ապագայի, բոլոր կողմերին զսպվածության կոչ եմ անում: Բռնությունն ու էսկալացիան չեն կարող դրական արդյունք տալ»,- գրում է դեսպանը:
Մելիայի ձերբակալության հետ կապված հայտարարություն է տարածել Transparency international Georgia կազմակերպությունը: Հայտարարության համաձայն, Մելիայի ձերբակալությունը Ղարիբաշվիլիի ագրեսիվ հռետորաբանության շարունակությունն է: Ըստ ՀԿ-ի, հնարավոր էր նաև իրավիճակը հարթել այլ ճանապարհով:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան մեկնաբանել է Մելիայի ձերբակալումը՝ հատուկ գործողությունից անմիջապես հետո։
«Մելիայի ձերբակալությունը ոչ թե կփրկի, այլ շատ դրամատիկ կդարձնի Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս սցենարի համար տեղ չթողեցին: Այս քայլով երկրին շատ մեծ հարված հասցրին: Այս քայլը ճակատագրական էր ռեժիմի ու Իվանիշվիլիի համար»,- ասել է նա:
Հարցին անդրադարձել են այլ ընդդիմադիրներ ևս. «Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն ասել է՝ «Ամոթ կլինի Իվանիշվիլի-Ղարիբաշվիլիի բռնատիրության արմատավորումը Վրաստանում»։
«Այս երկիրն այսպես չի կարողանա զարգանալ, ժողովո՛ւրդ, մտածեք ձեր ու ձեր երեխաների մասին»,- իրադարձություններն այսպես է մեկնաբանել «Լելո» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեն:
Միևնույն ժամանակ, իշխող կուսակցությունը շնորհակալություն է հայտնում ներքին գործերի նախարարին ու բոլոր ուժայիններին՝ հատուկ գործողությունը «առանց ուժի չարաշահման» իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Հետո ավելացրել է՝ «ժամանակակից բոլշևիկները՝ Նիկա Մելիաները, Միխեիլ Սաակաշվիիները, Նինո Բուրջանաձեները, Իրակլի Օքրուաշվիլիները վրաց պետությունից ոչինչ չեն պակասեցնի»: