Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան կոչ է անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` օգտվել իր սահմանադրական իրավունքից և ազատություն շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։
Մելիայի կարծիքով, Գվարամիայի ազատազրկմամբ իշխանությունները միտումնավոր ձգձգում են եվրաինտեգրման գործընթացը:
«Քաղաքացիական համաձայնությունը չի կարող լինել քաղբանտարկյալների առկայության դեպքում, ինչպես եվրաինտեգրումը չի կարող տեղի ունենալ ազատ մամուլին ճնշման հետ միաժամանակ։ Ըստ այդմ՝ կոչ եմ անում տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին, եթե նրա ասածները դատարկ խոսքեր չեն, եթե իսկապես նա ցանկանում է ապաբևեռացնել և իրոք իրականացնել քաղաքացիական համաձայնության գործընթացը, ապա անել միակ ճիշտ և արդար քայլը՝ օգտվել իրեն տրված սահմանադրական իրավունքից և Նիկա Գվարամիային վերադարձնել իր ազատությունը»,- ասել է Մելիան։
Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ևս մեղավոր է ճանաչել Գվարամիային, ըստ այդմ՝ ուժի մեջ է մնացել Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից նրա ազատության կասեցումը 3 տարի 6 ամսով։
Գվարամիայի ազատազրկումը վտանգում է վրաց ժողովրդի եվրոպական ապագան. ԱՄՆ դեսպանատուն