Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան բանտից դուրս գալուց հետո խոսել է լրագրողների հետ` կուսակցության հետագա պլանների ու խորհրդարան մտնելու հավանականության մասին:
Մելիան ասել է, որ երկրում ամեն բան մասնավոր անձի ենթակայության տակ է, քանի որ նա շատ փող ունի։
«Կարևոր կառույցները ղեկավարվում են ոչ պրոֆեսիոնալների կողմից: Իրավապահ մարմիններում աշխատող անձինք էլ ցանկացած ղեկավարի կենթարկվեն: Համակարգն է պետք փոխել, որ ոչ ոք չխելագարվի»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Ինչ վերաբերում է խորհրդարան մտնելուն, Մելիան նշել է, որ հարցը պետք է քննարկի ընկերների հետ ու գան վերջնական որոշման: Նրա խոսքով, էմոցիոնալ առումով բարդ որոշում կլինի իր համար: Խորհրդարանում կադրային փոփոխություններին անդրադառնալով` ընդդիմադիր գործիչը նշել է, որ խորհրդարանի նորընտիր խոսնակն իրական քաղաքական գործիչ չի կարող լինել, նա ևս մեկ մարդու ենթակայության տակ է:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Եվրամիությունը վճարեց Նիկա Մելիայի 40 հազար լարիի գրավը: ԵՄ ներկայացչությունը շնորհակալություն է հայտնել «EED»-ին ու Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային՝ քաղաքական կուսակցությունների հաշտեցմանն աջակցելու համար:
«Սա ևս մեկ քայլ է, որն արվել է` Վրաստանում քաղաքական ճգնաժամն ավարտին հասցնելու և ապրիլի 19-ի համաձայնությունն իրականացնելու նպատակով: Ակնկալում ենք, որ այս քայլը կնպաստի խորհրդարանի բոլոր անդամների, Վրաստանի քաղաքացիների, ԵՄ- Վրաստանի հարաբերությունների ու Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների ուղղությամբ շահերին»,- ասված է հայտարարության մեջ:
Մելիան մեղադրվում էր 2019-ի հունիսի 20-ի հակառուսական ցույցերի ժամանակ խմբակային բռնություն կազմակերպելու, գլխավորելու և իրականացնելու մեջ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով:
Որպես խափանման միջոց՝ դատարանը նախ ընտրել էր 30.000 լարի գրավը: Նրան նաև էլեկտրոնային թևնոց էր անցկացվել, որը Մելիան հանեց բողոքի ակցիայի ժամանակ: Խափանման միջոցի պայմանների խախտման պատճառով դատարանը Մելիային 40 հազար լարի գրավ նշանակեց:
Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին հայտարարեց, որ մեղադրյալ Նիկա Մելիան, ով գրավի տեսքով պետք է վճարեր 40 000 լարի, չի արել դա սահմանված ժամկետներում՝ մինչև դեկտեմբերի 24-ը և հնարավորություն ունի հավելյալ մեկ շաբաթվա ընթացքում վճարել գրավը: Մելիան նույն օրը հայտարարել էր, որ չի պատրաստվում վճարել գրավն ու իրեն կալանավորել չի հաջողվի:
Մելիային ձերբակալել են փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 08:00-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով` հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր` իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն ցուցաբերվեց 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվեցին հիվանդանոց: