Վրաստանի առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնը կքննարկի մեկուսացման ժամկետի կրճատման հարցը։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում։
Քննարկվել է երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը, ընդգծվել է, որ վարակման դեպքերի 95%-ն «Օմիկրոն» շտամն է, որը հիմնականում համեմատաբար մեղմ ընթացք ունի, հետևաբար, հոսպիտալացման մակարդակն էապես չի աճում։ Հիվանդների մեծ մասը բուժվում է տնային պայմաններում, և նրանց առողջական վիճակը վերահսկվում է ընտանեկան բժիշկների կողմից:
Խորհրդի նիստում ևս մեկ անգամ կողմերը քննարկել են պատվաստումների և խթանիչ դեղաչափի կարևորությունը` վարակի մեղմ ընթացքի և հոսպիտալացումը կանխելու գործում։
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին կրել դիմակներ, պահպանել գործող կանոնակարգերը, խուսափել մարդաշատ հավաքներից և ինքնամեկուսացվել վիրուսի ախտանշաններ նկատելու դեպքում։
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 24 616 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 350 454-ն են: