Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Մետեխի կամրջի առաջին մասի վերականգնումն ավարտվել է, և այժմ կսկսվեն երկրորդ մասի վերանորոգման աշխատանքները, ինչի պատճառով կփոխվեն երթևեկության սահմանափակումները։
Քաղաքապետի խոսքով, նախկինում փակված հատվածը կբացվի տրանսպորտային միջոցների համար, և երթևեկությունն այժմ կլինի վերանորոգված հատվածով:
«Նոր ծրագրի շրջանակներում կանցկացվի ասֆալտբետոնե նոր ծածկույթ, կթարմացվեն մայթերը, կծածկվեն բնական քարե սալիկներով, իսկ թուջե ճաղերը կվերականգնվեն՝ չփոխելով արտաքին տեսքը»,- ասել է Կալաձեն:
Կալաձեն նշել է՝ քաղաքապետարանը կփորձի հնարավորինս արագ ավարտել վերականգնման ծրագիրը, որպեսզի չսահմանափակվի երթևեկությունը։
«Պիկ ժամերին հատկապես դժվարանում է տեղաշարժը։ Սրա համար մենք բազմիցս ներողություն ենք խնդրել հանրությունից, բայց առանց ճանապարհը փակելու այդ աշխատանքները հնարավոր չէ իրականացնել»,- նկատել է քաղաքապետը:
Քաղաքի պատմական հատվածում գտնվող Մետեխի կամուրջը համարվում է Թբիլիսիի ամենահին կամուրջը։ Այն գտնվում է ժայռի ստորոտին, իսկ բարձունքում Մետեխի տաճարն է՝ քաղաքի հիմնադիր Վախթանգ Գորգասալի թագավորի արձանը։
Նշենք նաև, որ Մետեխի կամուրջը մի քանի անգամ վերակառուցվել է․ մինչև 1870 թվականն այնը փայտից է եղել։ Վերջին անգամ կամուրջը հիմնանորոգվել է 1951 թվականին։
2014 թվականին այն վերանվանվել է «100 հազար Սրբոց Նահատակների կամուրջ», սակայն այս անվանումը չի արմատավորվել, և մինչ օրս բոլորը կամուրջն անվանում են «Մետեխի»։