
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը սահմանել է 2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետներն ու պայմանները։
ԿԳՆ-ի որոշմամբ՝ 2025-2026 ուսումնական տարում առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը կդառնան 6 տարեկան: Ընդգծենք, որ այս երեխաների գրանցումը պարտադիր չէ. որոշումը կայացնում է ծնողը:
Գրանցման առաջին փուլում՝ 2025 թվականի մարտի 10-ից մինչև մարտի 21-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Առաջին փուլում գրանցված երեխաների փաստաթղթերի ներկայացման և ընդունելության ժամկետն է 2025 թվականի մարտի 24-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը։
Գրանցման երկրորդ փուլը կլինի 2025 թվականի մայիսի 2-20-ը, որի ժամանակ կարող են գրանցվել այն երեխաները.
- որոնց քույրերն ու եղբայրները նույնպես սովորում են ցանկալի դպրոցում,
- ծնողը/խնամակալը ցանկալի հանրակրթական դպրոցի աշխատող է,
- ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ գնում են առաջին դասարան:
Ընդհանուր գրանցումը կմեկնարկի երրորդ փուլով՝ 2025 թվականի մայիսի 22-ից, և կշարունակվի մինչև հունիսի 17-ը։ Երրորդ փուլին էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտների անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի 2025 թվականի հունիսի 18-27-ը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
Իսկ չորրորդ փուլում՝ 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 15-ը, գրանցվելու հնարավորություն կունենան այն աշակերտները, որոնք չեն գրանցվել I, II և III փուլերում կամ ցանկանում են փոխել գրանցումը:
Առաջին դասարանցիների գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացնում է ծնողը/օրինական խնամակալը: