Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է առաջին դասարանցիների գրանցման ժամկետը և պայմանները։
I փուլ — Գրանցման առաջին փուլում՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 26-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Գրանցվելու համար ծնողները պետք է դիմեն հանրային դպրոցներին։ Այնուհետև դպրոցը երեխային կգրանցի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS)։ Ծնողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մարտի 29-ից ապրիլի 29-ը ընկած ժամանակահատվածում։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կարող է համարվել այն երեխան, ով ունի՝
- ֆիզիկական հաշմանդամություն,
- ինտելեկտուալ զարգացման խանգարում,
- սովորելու ունակության խանգարում,
- զգայարանների հետ խնդիրներ (լսողություն, տեսողություն)
- խոսքի զարգացման խնդիր,
- վարքային և հուզական խանգարումներ,
- երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն,
- սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, որոնց պատճառով նա չի կարողանում բավարարել ազգային ուսումնական ծրագրի պահանջները
- աուտիզմ
II փուլ — Երկրորդ փուլում գրանցվելը հնարավոր կլինի մայիսի 2-ից մայիսի 13-ը, այն երեխաների համար, ում․
- քույրն ու եղբայրը նույնպես սովորում են նույն դպրոցում.
- ծնողը/խնամակալը տվյալ հանրակրթական դպրոցի աշխատակից է.
- Ընտանիքից երկու և ավելի երեխաներ միաժամանակ պիտի գնան առաջին դասարան
III փուլ` համընդհանուր գրանցումը, կմեկնարկի մայիսի 17-ին և կտևի մինչև հունիսի 8-ը:
Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Երեխայի գրանցումը իրականցվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված ուսանողին գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցին պիտի ներկայացվեն հունիսի 13-ից հունիսի 24-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։
IV փուլ — դպրոցներում կիրականացվի հունիսի 28-ից հուլիսի 12-ը: Այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն այս փուլում, դիմելով հանրային դպրոցին:
2022-2023 ուսումնական տարվա համար կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր 6 տարեկան են դառնում մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։