Մեկնարկել են Ծոփի-Աղքյորփի ճանապարհի նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Սադախլո-Ծոփի-Աղքյորփի (ՀՀ սահման) միջպետական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին հայտնում է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:

Ինչպես պատգամավորն է նշում, այս փուլում կնորոգվի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի ճանապարհի 9-18 կմ հատվածը և մինչև տարեվերջ՝ 2022-ի վերջին արդեն նորոգված կլինի Ծոփ-Չանախչի հատվածը:

Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը հրապարակել էր Սադախլո-Ծոփի-Աղքյորփի (ՀՀ սահման) միջպետական ճանապարհի վերանորոգման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Ըստ որի, Ճանապարհային վարչության և «Իբերի» ՍՊԸ-ի միջև պայմանագիր է կնքվել, և ընկերությունը պարտավորություն է ստանձնել վերանորոգել Ծոփ-Աղքյորփի ճանապարհի 9 կմ հատվածը: Շինարարական աշխատանքների արժեքը 6 մլն 656 հազար լարի է (մոտ 2,1 մլն ԱՄՆ դոլար):

Պայմանագրի համաձայն` մրցույթը շահած ընկերությունը պարտավոր է ապահովել պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտը մեկնարկից 12 ամսվա ընթացքում:

Հիշեցենք՝ ավելի քան 20 կմ երկարությամբ ճանապարհի 6 կմ հատվածը հիմնանորոգվել էր 2019 թվականին, մնացած հատվածը շարունակում է գրեթե անանցանելի վիճակում մնալ:

Նշենք նաև, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին խորհրդարանում հարցով դիմել էր փոխվարչապետին ու նախարարներին: Պատգամավորն անդրադարձել էր շրջանում ենթակառուցվածքային տեսանկյունից հետագա անելիքներին՝ ընդգծելով առաջնահերթություններից մեկը, այն է՝ Սադախլո-Աղքյորփիի ճանապարհի վերանորոգումը: