
Մեկնարկել է Վրաստանի և Ռումինիայի միջև լաստանավային հաղորդակցությունը: Այս տեղեկությունը հրապարակել է E60 Shipping Line ընկերությունը։
Ըստ հաղորդագրության՝ հունիսի 27-ին մեկնարկել է E60 Shipping Line-ի կողմից Ռումինիայի Կոնստանցա քաղաքից Վրաստանի Փոթիի նավահանգիստ առաջին նավարկությունը։ Լաստանավը Փոթիի նավահանգիստ կհասնի այսօր՝ ժամը 20:00-ին:
Փոթիից Կոնստանցա լաստանավը կմեկնի հունիսի 30-ին և կաշխատի կանոնավոր։
Ավելի վաղ Netgazeti-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Շալվա Ծաքաձեն նշել էր, որ երթուղին կլրացնի Ֆրանսիայից մինչև Ղրղզստան ձգվող E60 մայրուղու բացը և կարևոր դեր կխաղա Անդրկասպյան միջին միջանցքի տարածաշրջանի զարգացման գործում։
Ըստ Ծաքաձեի՝ լաստանավը կօգտագործվի ինչպես բեռնային, այնպես էլ ուղևորատար նպատակներով։