Թբիլիսիի քաղաքապետարանը մեկնարկել է մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման «Ուսումնառություն և աշխատանք» ծրագրին մասնակցելու գրանցումը։
Նշենք, որ ծրագրին կարող են մասնակցել Թբիլիսիում գրանցված 18 տարեկան քաղաքացիները։
Խոսքը շինարարության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակական սննդի, տուրիզմի, ծառայությունների, դիզայնի, տրանսպորտի, անասնաբուժության, առողջապահության և ֆինանսների ոլորտներում 40 մասնագիտությունների գծով մասնագիտական վերապատրաստման մասին է։
Ծրագրի շրջանակներում մինչև հազար քաղաքացիներ կկարողանան կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները Մերմիսի, Իկարոս, Սպեկտր և Գլդանի մասնագիտական ուսուցման կենտրոններում։
Գրանցման վերջնաժամկետը մայիսի 30-ն է։ Գրանցման համար ցանկացողները կարող են այցելել հետևյալ էլեկտրոնային կայք՝ www.dasakmdi.ge։
Ուսումնական գործընթացը կսկսվի հունիսի 6-ից։ Վերապատրաստման տևողությունը մոտ երեք ամիս է։ Ծրագրի մասնակիցները կստանան վկայականներ վրացերեն և անգլերեն լեզուներով: